Երեկ Հայաստանի 22 համայնքում անցկացվել են տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունները:
Համայնքի ղեկավարի ընտրություն էր նաև Տավուշի մարզի Իջևան քաղաքում:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն ասաց, որ ինքն ակտիվորեն հետևել է ընտրություններին, որովհետև հարազատ հանրապետական կուսակցությունն իր թեկնածուն ուներ:
Նշենք, որ քաղաքապետի աթոռը զբաղեցնելու համար պայքարում էին Իջևանի ներկայիս գործող հանրապետական թեկնածու Վարդան Ղալումյանը և ինքնաառաջադրված Վարուժան Ներսիսյանը: Վարդան Ղալումյանն իշխող քաղաքական ուժի աջակցությունը ստանալու համար ընտրություններից ամիսներ առաջ լքել էր «Բարգավաճ Հայաստանը» և հանրապետական էր դարձել:
«Շատ օբյեկտիվ, ռեալ ընտրություններ են անցել, առանց խախտումների»,- ասում է մարզպետը և ի պատասխան մեր նկատառմանը, թե ընտրակաշառք տարածելու մասին ինֆորմացիա տարածվեց, պատասխանեց. «Նման տեղեկություններ չունեմ, իրավապահները հետաքրքրվում են, եթե ինչ-որ իրավախախտումներ հայտնաբերվեն, անպայման կպատժվեն»:
Այս մարզի երկու համայնքներում ավագանու անդամի ընտրություն ևս տեղի ունեցավ, մարզպետն այս ընտրություններով նույնպես հետաքրքված է եղել. «Որևիցե բողոք չի եղել հանձնաժողովներում, լրիվ ընտրական օրենսգրքի համաձայն անցել են ընտրությունները»,- ասաց Աբովյանը: