Հայաստանի ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնության համատեքստում կարևորում է փոքր քայլերով փոխադարձ վստահություն ձեռք բերելը:
Պատգամավորը նման դիրքորոշում հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:
«Կա համաձայնություն, որ պետական սահմանը պետք է անցնի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա: Սա նշանակում է, որ Խորհրդային Միության վարչական սահմանը հիմք է հանդիսանում սահմանի սահմանազատման և սահմանագծման համար: Սա նշանակում է, որ սահմանագծման աշխատանքներն իրականացվում են այդ կտորի վրա, այդ կտորի վրա սահմանազատման հետ կապված համաձայնություն է ձեռք բերվել»,–ասաց պատգամավորը:
Ըստ նրա՝ ցանկացած դեպքում պայմանավորվածությունը, որը երկու կողմի համար դիտարկվում է որպես արդյունավետ լուծում, դրական է:
Անդրադառնալով հարցին՝ ճի՞շտ չէր լինի, որ Ադրբեջանի զինվորները դուրս գային Հայաստանի տարածքից՝ Ջերմուկի հատվածից, հետո նոր սկսվեր սահմանազատումը՝ Վլադիմիր Վարդանյանը պատասխանեց. «Իրական քաղաքականությունը կառուցվում է նրա վրա, որ փորձ է կատարվում հնարավորինս գտնել այն հատվածները, որտեղ հնարավոր է գալ կոնսենսուսի և շարունակել առաջ գնալ: Ի վերջո, փոխադարձ վստահությունը՝ փոքր քայլերով, շատ ավելի կարևոր է, քան էպոխալ լուծումները»:
Պատգամավորը նկատեց, որ փոխվստահությունը բավականին երկարատև գործընթաց է:
«Մենք պետք է անենք ամեն ինչ, որ ունենանք հնարավորինս հստակ իրավականորեն ընդունելի սահմանագծված սահման բոլոր հարևանների հետ, որը հիմնված է լինելու Ալմա-Աթայի հռչակագրի սկզբունքների վրա»,–ասաց Վարդանյանը: