Եվրամիությունում և Իսլամական համագործակցության կազմակերպության Ադրբեջանի նախկին դեսպան Աիֆ Մամեդովը, ով պաշտոնանկ էր արվել ադրբեջանական իշխանություններին քննադատելու համար, չի բացառել, որ կարող է իր թեկնածությունն առաջադրել Ադրբեջանի նախագահի պաշտոնում:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' BBC-ին տված հարցազրույցում, շնորհազուրկ դեսպանը պատմել է այն պատճառների մասին, որոնցով ադրբեջանցի դիվանագետները սկսել են քաղաքական ապաստան խնդրել արտասահմանում եւ իր քաղաքական նկրտումների մասին:

 

«Արտասահմանում ապաստան խնդրած ադրբեջանցի դիվանագետների միայն մի մասն է շփվել ինձ հետ: Ինչ վերաբերվում է Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանատան ռազմական կցորդ Նահիդ Ջաֆարովին, ապա նա որոշ ժամանակ եղել է իմ օգնականը եւ ներկա գտնվել իմ հանդիպումներին: Բոլոր դիվանագետներն էլ աշխատանքից հեռացվելուց հետո հրաժարվել են վերադառնալ Բաքու այնտեղ հետապնդվելու պատճառով: Դրա համար էլ նրանք քաղաքական ապաստան են խնդրել արտասահմանում», -ասել է Արիֆ Մամեդովը' մեկնաբանելով վերջին երկու շաբաթվա ընթացքում արտասահմանում ապաստանի դիմում ներկայացրած ադրբեջանցի դիվանագետների թվի աճը:

 

Հարցազրույցում Արիֆ Մամեդովը չի բացառել, որ կառաջադրի իր թեկնածությունն Ադրբեջանի նախագահի պաշտոնում:

 

«Ես արդեն մտել եմ քաղաքականություն: Չեմ բացառում, որ կառաջադրեմ իմ թեկնածությունը նախագահի պաշտոնում: Ես վերջերս եմ հայտնվել քաղաքական հրապարակում եւ շատերը դեռ ինձ չգիտեն: Բայց աշխատանքն առաջ է ընթանում», -ասել է նա:

 

Ադրբեջանի իշխանություններին քննադատելու համար մի քանի ամիս առաջ զբաղեցրած պաշտոնից հեռացվել էր Իսլամական համագործակցության կազմակերպությունում եւ Եվրամիությունում Ադրբեջանի նախկին դեսպան Արիֆ Մամեդովն այն բանի համար, որ հրապարակայնորեն քննադատել էր իշխանություններին մարդու հիմնարար իրավունքները երկրում խախտելու համար: Իսկ Ավստրալիայում Ադրբեջանի դեսպանատան արդեն նախկին երրորդ քարտուղար Անար Հասանովը հեռացվել էր դեսպան Ռովշան Ջամշիդովին եւ ԱԳՆ-ի ղեկավարությանն ընդհանրապես կոռուպցիայի մեջ մեղադրելու համար:

 

Ադրբեջանի ԱԳՆ-ն անմիջապես զբաղեցրած պաշտոններից հեռացրել է Արիֆ Մամեդովին եւ Անար Հուսեյնովին եւ նրանց նկատմամբ շինծու քրեական գործեր է հարուցել' մեղադրելով ինչ-որ ապօրինի գործողությունների մեջ:

 

«Թուրան» լրատվական գործակալությունը հաղորդել էր, որ Ավստրալիայում Ադրբեջանի դեսպանատան երրորդ քարտուղար Անար Հասանովի պաշտոնանկությունից առաջ աշխատանքից հեռացվել էր դեսպանատան աշխատակից Ֆարիդ Սուբհանվերդիեւը: Դիվանագիտական ծառայությունից հետ կանչվելուց հետո Ֆարիդ Սուբհանվերդիեւը հրաժարվել է վերադառնալ հայրենիք: Նա արդեն երկու ամսից ավելի Կանաչ մայրցամաքում սպասում է այդ երկրում ուսումնառության համար վիզայի:

 

Արտասահմանյան երկու երկրներում Ադրբեջանի դիվանագիտական առաքելությունների չորս դիվանագետների հետ կապված «դիվանագիտական աղմուկը» լրջորեն անհանգստացրել է ադրբեջանական իշխանություններին, որոնք մտածում են, որ դա կարող է հանգեցնել նրան, որ բոլոր դիվանագետներն անվստահություն հայտնեն իշխանություններին: