ՀՀ բնապահպանության նախարարության և ԵՄ պատվիրակության ներկայացուցիչների մասնակցությամբ՝ ԵՄ «Միջազգային գետավազանների շրջակա միջավայրի պահպանություն» (ՄԳՇՄՊ) ծրագրի շրջանակներում ՀՀ Արմավիրի մարզի Ակնաշեն համայնքում սեպտեմբեր 15-ին տեղի է ունեցել մոնիթորինգի նոր դիտահորի գործարկում:

 

Ծրագրի օժանդակությամբ կառուցված դիտահորը կահավորվել է ջրի մակարդակի, ջերմաստիճանի և հաղորդակցության ժամանակակից էլեկտրոնային սարքավորումներով: Տվյալների փոխանցումը ստորերկրյա ջրերի մոնիթորինգի պատասխանատու կազմակերպությանը' ՀՀ բնապահպանության նախարարության հիդրոերկրաբանական մոնիթորինգի կենտրոնին, կիրականացվի հեռահաղորդակցման համակարգով:

 

Տեղում նաև անց է կացվել ՀՀ բնապահպանության նախարարության հիդրոերկրաբանական մոնիթորինգի կենտրոնի աշխատակիցների վերապատրաստում՝ հորի վրա տեղադրված ժամանակակից սարքավորումների օգտագործման թեմայով:

 

Վերոնշյալ աշխատանքներն իրականացվել են գետավազանային կառավարման պլանի մշակման շրջանակներում: Նպատակն է աջակցել ՀՀ բնապահպանության նախարարությանը' անդրադառնալու Արարատյան դաշտի արտեզյան ստորերկրյա ջրերի սպառման հիմնախնդրին և գետավազանում ստորերկրյա ջրերի մոնիթորինգի բարելավման միջոցով խթանելու ջրօգտագործման վերաբերյալ ավելի ճշգրիտ տեղեկատվության հավաքագրմանը և ջրերի բաշխման վերաբերյալ արդյունավետ որոշումների կայացմանը: