Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի և ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման հայաստանյան գրասենյակի տնօրեն Անահիտ Սիմոնյանի (UNIDO), ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանի (UNDP), Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Արուսյակ Ալավերդյանի (World Bank) և Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկի առաջատար բանկիր Խաչատուր Ավալյանի (EBRO) հանդիպման ընթացքում քննարկվել են Արարատյան դաշտ ի ստորերկրյա քաղցրահամ ջրերի կառավարման խնդիրները:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, շնորհակալություն հայտնելով հրավերն ընդունելու և աջակցության պատրաստակամություն ցուցաբերելու համար' նախարար Արամայիս Գրիգորյանն ընդգծել է. «Այսօր ցանկանում եմ խոսել մեր հանրապետության համար շատ կարևոր մի խնդրի' Արարատյան արտեզյան ավազանի ջրային պաշարներին սպառնացող վտանգի և դրա լուծման եղանակների շուրջ նախարարության կողմից մշակված ծրագրի մասին:

 

Արարատյան դաշտի ջրավազանային ռեսուրսների ծավալները հստակեցված չեն, այսօր բոլորս խոսում ենք ջրային ռեսուրսներին սպառնացող վտանգների մասին' այդ հաշվարկների և դատողությունների ելակետ ընդունելով 1984թ. կատարված հետազոտությունները:

 

Ուստի. խնդիրը հիմնավորապես ուսումնասիրելու, համակողմանի լուծում տալու և ապագայում չսխալվելու նպատակով, ՀՀ բնապահպանության նախարարությունն առաջարկում է ուսումնասիրել և հստակեցնել Արարատյան արտեզյան ավազանի ջրային պաշարների ծավալները, հաշվարկել վերականգնվող ջրային պաշարի պոտենցիալը, և ըստ այդմ, անհրաժեշտ չափով կրճատել ջրօգտագործման ծավալները:

 

Իսկ հետագայում կառավարման բնագավառում ռիսկայնությունը նվազեցնելու նպատակով պլանավորում ենք ներդնել Արարատյան դաշտի ջրօգտագործման ավտոմատ կառավարման համակարգը››:

 

ՀՀ ԲՆ ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ Վոլոդիա Նարիմանյանը մանրամասն ներկայացրել է Արարատյան դաշտում ապօրինի ջրօգտագործման և ապօրինի հորերի շահագործման հետևանքով առաջացած իրավիճակը, վնասի ծավալները նվազեցնելու ուղղությամբ ՀՀ կառավարության ձեռնարկած քայլերը և առաջիկա ծրագրերը:

 

Այս ուղղությաամբ Բնապահպանության նախարարությունն արդեն իսկ կատարել է ըստ հորի տրամագծի' միավոր հորի ավտոմատ կառավարման ներդրման համար անհրաժեշտ տեխնիկական միջոցների և սարքավորումների հաշվարկները, բանակցել համապատասխան միջազգային փոր ունեցող կազմակերպությունների մասնագետների հետ: Եվ այսօր խնդիրը կայանում է Արարատյան դաշտի բոլոր խորքային հորերի թիվը, դրանց տրամագծերը հստակեցնելու և ըստ այդմ' ավտոմատ կառավարման ներդրման համար անհրաժեշտ ծախսերի չափը որոշելու մեջ:

 

Միջազգային դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչները, ևս կարևորելով խնդիրը, իրենց տեսակետներն են հայտնել և խոստացել հնարավորության սահմաններում աջակցել ծրագրի իրագործմանը: