«Արմենիա Մարիոթ» հյուրանոցում այսօր շահագրգիռ մարմինների քննարկմանը ներկայացվեցին «Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների գնահատում» ուսումնասիրության միջանկյալ արդյունքները: Ուսումնասիրությունն իրականացվել է «Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ եւ «Մել- Հով» ՍՊԸ փորձագիտական խմբի կողմից' ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսական աջակցությամբ:
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը շնորհակալություն հայտնեց կատարված աշխատանքի համար' ընդգծելով, որ ջրային պաշարների արդյունավետ կառավարման խնդիրը մշտապես ՀՀ կառավարության օրակարգում է, եւ նշված ուսումնասիրությունը օգտակար կլինի ջրային ոլորտում արդյունավետ քաղաքականության իրականացման համար:
Ըստ նրա'մասնավորապես Արարատյան դաշտավայրում ջրային պաշարների ճշգրիտ գնահատականը կարեւոր նշանակություն ունի դաշտավայրի գյուղացիական եւ արտադրական տնտեսությունների, ինչպես նաեւ բնակչության խմելու եւ կենցաղային ջրի պահանջարկն ապահովելու տեսանկյունից:
Հեղինակները տեղեկացրեցին, որ վերջնական հաշվետվությունը, որը նաեւ եզրահանգումներ ու կոնկրետ առաջարկություններ կպարունակի, պատրաստ կլինի 2014թ. տարեսկզբին եւ կներկայացվի ինչպես կառավարությանը, այնպես էլ շահագրգիռ այլ մարմինների եւ կազմակերպությունների:
ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին