Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պետական համակարգի առաջնային օղակում խորը խնդիրներ է տեսնում։

Վարչապետն այդ մասին ասել է ՀՀ կառավարության հերթական նիստի ընթացքում։

Նա նշել է, որ չի հիշում մի դեպք, երբ պետական համակարգի կառավարման առաջնային օղակներից բարձրաձայնվի որևէ խնդրի մասին։

«Վերջին շրջանում մի քանի այդպիսի աղմկոտ դեպքեր հիշում եմ, երբ զորահավաքային, առողջապահության համակարգի աշխատակիցների ներգրավմամբ ուղղակի սխեմաներ էին գործում, և պետական վերահսկողական ծառայության ստուգման արդյունքում մի զարմանալի փաստ հայտնաբերեցինք. իմ մտքով չէր էլ անցել, որ այդպիսին է պրակտիկան։ Արձանագրվել էր, որ զորակոչիկի ուղեղում կիստա կա, բայց դա հնարավոր չէ նույնականացնել. այն հետազոտության տվյալը, որի հղում է արվում, հենց այդ մարդու հետազոտության տվյա՞լն է, թե՞ «տիպային» կիստա ունենք, պատճենով բոլորի գործերի մեջ դնում ենք և ազատում։ Այսինքն, այսպիսի խորը խնդիրներ կան։

Ո՞ւմ մտքով կանցներ, որ երկրի էլիտար երկու մասնագիտություն ունեցող ներկայացուցիչների միջև այդպիսի լայն համագործակցություն կա ընդդեմ պետության»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետն էական է համարում այն, որ այս ահազանգերը և իրավիճակները տվյալ համակարգերից չեն ստացել։

«Մենք լրիվ ուրիշ դեպքերով և ուրիշ տեղերով գնացել և հասկացել ենք, որ այստեղ խնդիր կա։ Բայց պետական համակարգի ամբողջ աշխատանքի իմաստը դրա մեջ է, որ առաջնային օղակի մարդիկ ասեն, որ այստեղ խնդիր կա։

Ես ուզում եմ տալ հարց, որը և հռետորական է, և ոչ։ Ինչո՞ւ առողջապահության նախարարության և պաշտպանության նախարարության առաջնային օղակները չեն զեկուցել կառավարությանը:

Չեմ հիշում մի դեպք, որ առաջնային օղակներից զեկույցներ եկած լինի։ Չկա այդպիսի դեպք։ Այստեղ է խորը պետական համակարգի ճգնաժամը երևում»,- եզրափակեց Փաշինյանը։