Թբիլիսիում դադարեցվել է Հեյդար Ալիեւի անվան վրաց-ադրբեջանական հումանիտար համալսարանի գործունեությունը եւ չեղյալ հայտարարվել անցյալ տարի պաշտոնական կարգավիճակ հատկացվելու մասին արտոնագիրը:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, APA-ին հայտնել է համալսարանի ռեկտոր Նովրուզ Բայրամովը: Համալսարանը, որը պետք է ուսանողներ ընդուներ այս ուսումնական տարում, դեռ չգործած փակվել է:
Բայրամովը նշել է, որ ներկայում համալսարանը միավորվել է Թբիլիսիում «Նոր ԲՈւՀ» կրթական հաստատության հետ, եւ նախկին համալսարանի շենքում ստեղծվել է «Եվրոպական կրթություն» կենտրոն:
«Այն բանից հետո, երբ համալսարանը գրանցում էր անցել Վրաստանի գիտության եւ կրթության նախարարությունում եւ Որակի գնահատման ու կրթության զարգացման ազգային կենտրոնում, արտգործնախարար Մայա Փանջիկիձեն եւ պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան ազատվել են զբաղեցրած պաշտոններից: Մայա Փանջիկձեի եղբայրը' Լաշա Փանջիկիձեն օգնեց մեզ համալսարանի կարգավիճակ ստանալ: Սակայն այն բանից հետո, երբ նրա ազգականները հեռցավեցին աշխատանքից, այդ կարգավիճակը մեզնից հետ վերցրեցին», -պատմել է գոյություն չունեցող համալսարանի ռեկտորը:
Նովրուզ Բայրամովը նշել է, որ փորձելով լուծել համալսարանի հետ կապված խնդիրները, բախվել է խարդախների, որոնք 300 հազար դոլարից ավելի գումար են յուրացրել: