Նախաձեռնության հիմքում ադրբեջանամետ փորձագետներ են, որոնք չեն էլ թաքցնում, որ զբաղված են ադրբեջանական լոբբինգով: Այսօր լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանը՝ անդրադառնալով Ռուսաստանի՝ Երևանում Նժդեհի արձանը հանելու պահանջին: 

Tigran-Kocharyan

 

Նշենք, որ նախորդ շաբաթ Ռուսաստանի Դաշնության Պետական դումայում կայացել է կլոր սեղան-քննարկում, որի ժամանակ խոսվել է նաև ֆաշիզմի հերոսացման դեմ պայքարի ստորագրահավաքի մասին: Միջոցառման մասնակիցները մատնանշել են նաև, որ այնտեղ կա նաև Երևանում գտնվող Գարեգին Նժդեհի հուշարձանի հանման հատուկ պահանջ։

«ՌԴ- ունի տարբեր խմբավորումներ, դրանց մի խումբն ապրում է Խորհրդային միության կարոտախտով: Փորձում են քայլեր ձեռնարկել, որ ավելի շատ երկրներ լինեն ՌԴ ղեկավարման տակ: Վերջին 2-3 տարվա ընթացքում ամեն անգամ փորձ է արվում, որպեսզի Ադրբեջանը ԵԱՏՄ շարքերում հայտնվի: Որոշ ռուս փորձագետներ հարցի լուծումը տեսնում են այնպես, որ ՀՀ-ն և Ադրբեջանը պետք է ներգրավվեն ԵԱՏՄ-ի մեջ, և ՌԴ-ն կորոշի, թե Արցախի և այլ հարցերն ինչպես են լուծվելու, այսինքն՝ ՌԴ-ն կկառավարի հայ-ադրբեջանական հարցերը»,- ասաց նա:


Ըստ փորձագետի՝ Նժդեհի անունը նացիզմի հետ կապելու հիմքում կանգնած են «Իզբորյան» ակումբի մարդիկ՝ Տարաս Շևչենկոն, Սերգեյ Մարկովը և այլք. «Սրանք մարդիկ են, որոնք  ներկա պահին ներկայություն չունեն ՌԴ իշխանությունում և ազդելու հնարավորություն էլ չունեն: Սրանք այն մարդիկ են, ովքեր պրոադրբեջանական ուղղվածություն ունեն և զբաղված են ադրբեջանական լոբբինգով: Այս մարդկանց միջոցով Ադրբեջանը փորձում է լարել ՀՀ-ՌԴ հարաբերությունները: Որպես հայ-ռուսական հարաբերությունների լարման միջոց՝ այս անգամ գտել են Նժդեհի անունը նացիզմի հետ կապելն ու ստորագրահավաք սկսելը: Հստակ կարող եմ ասել, որ այս գործողության համար իրենք լավ ֆինանսավորում են ստացել Հեյդար Ալիևի ֆոնդից»,- նկատեց Քոչարյանը:

Տիգրան Քոչաչյանը նշեց, որ իրեն զարմացնում է այն, որ հայկական մեդիան սկսեց տարածել տեղեկատվությունը՝ անվճար ծառայություն մատուցելով ադրբեջանական քարոզչամեքենային: