Այսօր ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ծննդյան օրն է:
International Media Holding-ի ողջ անձնակազմը շնորհավորում է Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին ծննդյան տարեդարձի կապակցությամբ, մաղթում նորանոր հաջողություններ Սրբազանի` Հայ Առաքելական եկեղեցու դերի և նշանակության բարձրացման, ԱՀԹ հոգևոր համայնքի հզորացման և քրիստոնեական արժեքների պահպանման Աստվածահաճ գործում:
Արարատյան Հայրապետական թեմը նույնպես շնորհավորական ուղերձ է հղել Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ծննդյան օրվա առթիվ.
«Սիրելի Սրբազան հայր,
Արարատյան Հայրապետական թեմի քահանայից դասի, ողջ աշխատակազմի և հավատացյալ հայորդիների անունից հղում ենք Ձեզ մեր սրտաբուխ շնորհավորանքները՝ Ձերդ Սրբազնության ծննդյան տարեդարձի բարեբաստիկ առիթով:
Ապագային ուղղված՝ հոգևոր և ազգային լուսարձակներով շաղախված Ձեր տեսլականը թող օր առաջ իրականություն դառնա' բարեզարդելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին և Հայաստան աշխարհը:
Աղոթում ենք, որ երկնային Տերն Իր տիեզերածավալ սիրով քաջառողջ տարիներ և առավել վայելչազարդ առաքինություններով շնորհազարդված կյանք պարգևի Ձեզ՝ հաղթահարելու բազում մարտահրավերներ հանուն մեր Մայր Եկեղեցու պայծառ ընթացքի:
Ձեր հոգուց ժայթքող նվիրումի և սիրո օրինակը թող շարունակի բյուր հավատացյալների մշտանորոգ հավատքի խարիսխն ու լուսատուն լինել՝ ի շինություն Հայ Եկեղեցու:
Որդիական խոնարհութեամբ և աղօթաձայն մաղթանքներով՝ մատչիմք ի համբոյր Ձերդ Սրբազնութեան սուրբ աջոյն»: