Ռուսաստանը պատրաստ է տարածաշրջանային գործերում խորացնել Հայաստանի հետ կառուցողական փոխգործակցությունը: Այս մասին նշել է Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին հղված շնորհավորական ուղերձում: «Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կապահովենք բազմաբնույթ դաշնակցային կապերի և տարածաշրջանային գործերում կառուցողական փոխգործակցության հետագա զարգացումը: Այն համապատասխանում է մեր երկրների եղբայրական ժողովուրդների արմատական շահերին»,- նշել է Պուտինը: Նա գոհունակությամբ ընդգծել է, որ ռուս-հայկական հարաբերությունները՝ հիմնված երկու ժողովուրդների բարեկամության, մշակութային և հոգևոր մտերմության վաղեմի ավանդույթների վրա, հաջողությամբ զարգանում են տարբեր ուղղություններով:

 

«Բարձր ենք գնահատում ինչպես երկկողմ, այնպես էլ ԵԱՏՄ, ՀԱՊԿ և ԱՊՀ շրջանակներում փոխշահավետ համագործակցության հետագա ամրապնդմանն ուղղված հայ գործընկերների տրամադրվածությունը: Կցանկանայի հաստատել ռուսական կողմի պատրաստակամությունը՝ այսուհետ ևս Հայաստանին օգնություն ցուցաբերել արդիական սոցիալ-տնտեսական հարցերի լուծման գործում»,- նշել է ՌԴ նախագահը:

 

Սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը տոնում է Հայաստանի անկախության 24-րդ տարեդարձը: