Առանց Ռուսաստանի անկարելի է լուծել արդի աշխարհի կարևորագույն հիմնախնդիրները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Հռոմի Ֆրանցիսկոս պապն ասել է ՏԱՍՍ-ի թղթակցի հետ մասնավոր զրույցի ժամանակ այն ինքնաթիռում, որը քահանայապետին փոխադրում է Կուբայի տարածքում, որտեղից նա սկսել է իր 10-րդ արտասահմանյան ուխտագնացությունը, որը ներառում է այցելությունն ԱՄՆ:

 

«Առանց Ռուսաստանի այսօր անկարելի է լուծել համաշխարհային կարևորագույն հիմնախնդիրներից որևէ մեկը»,- նշել է Ֆրանցիսկոսը: Այդ կապակցությամբ նա բարձր է գնահատել Վատիկանի համագործակցությունը Սուրբ աթոռին առընթեր ՌԴ-ի դեսպանության հետ:

 

ԱՄՆ այցի ընթացքում Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավարը կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային, որտեղ պլանավորված է նրա ելույթը: Պապական պատվիրակության անդամների կարծիքով՝ Ֆրանցիսկոսը ՄԱԿ-ի ամբիոնից իր ելույթի ընթացքում մտադիր է խոսել Մերձավոր Արևելքում, մասնավորապես, Սիրիայում հակամարտությունների լուծման անհրաժեշտության մասին: