Առանց Ռուսաստանի մասնակցության անկարելի Է լուծել ուկրաինական ճգնաժամը եւ վերահաստատել Եվրոպայի կայունությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության նախագահ, Շվեյցարիայի նախագահ Դիդիե Բուրկհալտերը՝ ելույթ ունենալով ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում:

 

«Ուկրաինայում եւ Եվրոպայում կայունությունը կհաջողվի վերականգնել միայն այն դեպքում, եթե մենք կարողանանք այդ ճգնաժամը լուծել Ռուսաստանի հետ միասին. Այն չի կարող լուծվել առանց Ռուսաստանի»,-ասել Է Բուրկհալտերը:

 

«Անհրաժեշտ Է տարածություն թողնել երկխոսության եւ համագործակցելու հնարավորության համար, որպեսզի հաղթահարենք տարաձայնությունները,-հայտարարել Է նա:-Ռուսաստանի պարզ մեկուսացումը ոչ մի խնդիր չի լուծի եւ ակնհայտորեն նոր խնդիրներ կստեղծի Եվրոպայում ու նրա սահմաններից դուրս»,

 

ՆԱՏՕ-Ուկրաինա հանձնաժողովի նիստի արդյունքների վերաբերյալ ավելի վաղ տարածված հաղորդագրության մեջ նշվում Է, որ ՆԱՏՕ-ն պատրաստվում է ընդլայնել ռազմավարական կոնսուլտացիաները Ուկրաինայի հետ: «Ընդունելով ՆԱՏՕ-ի հետ հատուկ գործընկերությունը խորացնելու Ուկրաինայի մտադրությունը՝ մենք կընդլայնենք մեր ռազմավարական կոնսուլտացիաները ՆԱՏՕ-Ուկրաինա հանձնաժողովի շրջանակներում»,- նշվում է փաստաթղթում: ՆԱՏՕ-ն նաեւ «պաշտպանության ու անվտանգության բնագավառում Տարեկան ազգային ծրագրի (Annual National Programme) շրջանակներում կամրապնդի համագործակցությունը Ուկրաինայի պաշտպանական ներուժի ամրապնդման ծրագրերի ուղղությամբ»:

 

Ինչպես ասված է փաստաթղթում, ՆԱՏՕ-ն եւ Ուկրաինան կզարգացնեն փոխգործակցությունն իրենց զինված ուժերի միջեւ, այդ թվում՝ երկիրը կանոնավոր կերպով կմասնակցի դաշինքի զորավարժություններին, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: