Պոլսի հայտնի հայ ճարտարապետների ընտանիքին' Բալյաններին պատկանող գերեզմանը նորոգվում է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «Ակոս» պարբերականը:

 

 

Ստամբուլի Սկյութար թաղամասի Սուրբ Խաչ գերեզմանատանը գտնվող հայ ճարտարապետների գերեզմանը կվերականգնվի Հայ ճարտարապետների և ինժեներների միության նախաձեռնությամբ, ինչպես նաև Անուշավան Հրաչ Քըրմըզյանի հովանավորչությամբ:

 

 

Գերեզմանատան վերականգնման աշխատանքների շրջանակներում նախատեսվում է այստեղ բերել ներկայում Թուրքիայի հնագիտության թանգարանում գտնվող' Կարապետ Բալյանին պատկանող գերեզմանաքարը, որը հայտնաբերվել էր Ստամբուլի թաղամասերից մեկում իրականացված շինարարական աշխատանքների ժամանակ:

 

 

Բալյանների գերեզմանի վերականգնման առնչությամբ սեպտեմբերի 18-ին տեղի է ունեցել հիմնարկեքի արարողությունը: Նախատեսվում է, որ այդ աշխատանքները ավարտին կհասցվեն 2016 թվականի մայիսին:

 

 

Օսմանյան կայսրությունում Բալյանների ընտանիքի անդամները նախագծել եւ կառուցել են բազմաթիվ շենքեր, կամուրջներ, պալատներ, եկեղեցիներ եւ մզկիթներ:

 

 

Բալյանների ընտանքիը նոր շունչ է բերել օսմանյան ճարտարապետական արվեստին' համադրելով օսմանյան միջնադարյան հայազգի ճարտարապետ Սինանի ավանդույթները եւ արեւմտյան ճարտարապետական ոճերը: Բալյան ընտանիքի ճարտարապետների մոտ չորս սերնդի ներկայացուցիչներ համարվել են օսմանյան արքունիքի ճարտարապետներ: Նրանց ստեղծած նրբաճաշակ կառույցները զարդարում են Ստամբուլը եւ նրան եվրոպական տեսք տալիս: