Օրինական կառավարությունների ոչնչացմանը նպատակամղված գործողությունները հանգեցնում են այնպիսի իրադրության, որը ներկայումս կարելի է տեսնել Լիբիայում կամ Իրաքում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս հայտարարությունն արել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը CBS ալիքում ամերիկացի լրագրող Չառլի Ռոուզին՝ պատասխանելով այն հարցին, թե ինքը ցանկանում է արդյոք փրկել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի իշխանությունը:
Նրա խոսքով՝ Լիբիայում օրինական իշխանության տապալումը հանգեցրել է այն բանին, որ բոլոր պետական հիմնարկությունները կազմալուծվել են: «Մենք համանման իրավիճակ ենք տեսնում Իրաքում»,- հավելել է նա:
Պուտինն ընդգծել է, որ սիրիական ճգնաժամի այլ լուծում չկա, քան արդյունավետ պետական կառույցների ամրապնդումը և դրանց օգնելը ահաբեկչության դեմ մղվող պայքարում: Միևնույն ժամանակ, նշել է նա, հարկավոր է կոչ անել նրանց՝ մասնակցելու ընդդիմության ողջամիտ մասի հետ երկխոսությանը և բարենորոգումների իրականացմանը:
Հարցազրույցի ամբողջական տարբերակը եթեր դուրս կգա սեպտեմբերի 27-ին՝ Նյու Յորք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելա Պուտինի այցից առաջ: ՌԴ-ի նախագահը գլխավորելու է Ռուսաստանի պատվիրակությունը: Միջազգային կազմակերպության ամբիոնից նա ելույթ կունենա սեպտեմբերի 28-ին: