ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է 2016թ.-ի հուլիսի 17-31-ը ՊՊԾ գնդի գրավման և դրան հաջորդած իրադարձությունների վերաբերյալ զեկույցը, որում սխալ էր համարում ՀՀ ոստիկանության գործողությունները: Սրան հաջորդեցին ՀՀ Հատուկ քննչական ծառայության, դատախազության, ոստիկանության քննադատությունները՝ կապված ՄԻՊ-ի դիտողությունների հետ: Ոստիկանությունն էլ հաղորդագրություն տարածեց՝ ասելով, որ Արման Թաթոյանը չի տիրապետում ՄԻՊ-ի լիազորություններին: 

 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանն ընդգծեց, որ ամեն անգամ Մարդու իրավունքների պաշտպանը հայտնվում է մի դիրքում, որտեղից տեսնում է շատ թերություններ և հանդես է գալիս հանուն պետության, մարդու իրավունքների պաշտպանության: «Այդ դիտարկումներն ամենևին չեն արվում զուտ քննադատության համար, այլ՝ դրական փոփոխությունների ակնկալիքով: Ամեն անգամ իշխանական, պետական մարմինները դա դիտարկում և ընկալում են վարչական դիտանկյունից, որ, իբրև թե, այսպես ասած, «կպնում են» այս կամ այն մարմնին»,- ասաց նա՝ ավելացնելով, որ հարկավոր է ՄԻՊ-ի զեկույցը դիտարկել այլ տեսանկյունից և հասկանալ, որ ՄԻՊ-ի զեկույցում արված դիտողություններն արվում են հանուն դրական փոփոխությունների, ոչ թե ուղղակի նշելու և վիրավորելու տրամաբանությամբ:

 

Լարիսա Ալավերդյանի կարծիքով՝ եթե անգամ դա քաղաքական ինչ-ինչ մոտիվացիա ունի, միևնույն է՝ ՄԻՊ-ի զեկույցից հետո արված արձագանքը պետք է լինի առաջարկություններ հնչեցնելը, ոչ թե մերժումները:


Լարիսա Ալավերդյանի համար զարմանալի է, որ Արման Թաթոյանին մեղադրում են օրենքի չիմացության մեջ, քանի որ Արման Թաթոյանի խոսքը չափազանց կոռեկտ էր:

 

«Մեր պաշտոնական գործընթացներում հուլիսյան գործողությունները չեն ճանաչվել որպես ահաբեկչություն, որը կարևորագույն բան է: Դա բավականին հստակ է. կա անօրինական զենք պահելու, կիրառելու մեղադրանք, բայց չկա ահաբեկչություն: Ուժային պետական կառույցների դիտարկումները ՄԻՊ-ի հետ կապված՝ լավ բան չեն խոստանում»,- ասաց նա՝ ցավով նշելով, որ այսօր ուժային կառույցները փոխարենն առաջարկեն կանխարգելիչ մեթոդներ, որոնցով կարելի է կանխել կոպիտ և անգամ խայտառակ իրավիճակներում մարդու իրավունքների խախտումը, հակառակն են անում: 

Սոնա Հարությունյան