Ռուսաստանի ԱԳՆ հատուկ կարգադրությունների դեսպան Էլեոնորա Միտրոֆանովայի հայտարարությունը, թե նախկին խորհրդային երկրներում ռուսերենին պետք է հատուկ օրենսդրական կարգավիճակ տալ, Հայաստանում բուռն քննարկումների և քննադատությունների առիթ է դարձել: ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը կարծիք հայտնեց, որ ռուսերենին պետական կարգավիճակ տալու անհրաժեշտություն չկա, փոխարենը պետք է բարձրացնել լեզուների ուսուցման մակարդակը:
«Այստեղ մենք պետք է ոչ թե վախից սառենք, այլ՝ պետք է հստակեցնենք, որ մենք էլ մեր մոտեցումներն ունենք: Չունե՛նք դրա կարիքը, ունենք լեզուների որակյալ ուսուցմա՛ն կարիք: Այս խուճապը վկայում է, որ մենք, կարծես, մեզ թույլ ենք զգում այս դաշտում: Մենք պետք է ավելի հստակեցնենք, որ դա տվյալ երկրի իրավունքն է: Մենք ունենք մեր քաղաքականությունը և հիմա ճիշտ ժամանակն է հիշեցնելու, որ այդ ոլորտում կրթական մակարդակը շատ ցածր է: Իրոք ամոթ է, երբ այն երկրում, որտեղ գրեթե 100 տոկոսով տիրապետում էին ռուսերենին, այսօր համարյա չգիտեն այդ լեզուն: Բայց դրա համար պետք չէ ռուսերենին տալ պետական կարգավիճակ: Պետք է ուսումը լավ կազմակերպել»,- մանրամասնեց Լարիսա Ալավերդյանը:
Նրա խոսքով՝ ռուսերենի լավ իմացությունը կամ չիմացությունը կախված չէ պետական կարգավիճակ տալ-չտալուց: «Եթե այդպես լինի, հայոց լեզուն էլ ունի պետական կարգավիճակ, լա՞վ են դասավանդում: Ասածս այն է, որ խնդիրը բոլորովին այլ տեղում է: Դպրոցներում համար մեկ խնդիրը լեզուների բավականին ցածր մակարդակով դասավանդումն է: Դրա մասին են վկայում և՛ հայերենի տիրապետման մակարդակը, և՛ մյուս լեզուների: Ասենք թե՝ ունեցան պետական կարգավիճակ, ո՞րն է նպատակը»,- ընդգծեց մեր զրուցակիցը:
Տարածված կարծիքին, թե սրանով Ռուսաստանը փորձում է իր իշխանությունն ավելի ուժեղացնել Հայաստանի վրա, Ալավերդյանը պատասխանեց. «Ինչ ուզում են ասել Ռուսաստանի մասին, թող ասեն: Դա Ռուսաստանի քաղաքականությունն է: Եկեք սովորենք մեր դիրքորոշումը հստակեցնել: Բայց ես էլի եմ կրկնում՝ ես կողմ եմ ռուսերեն լեզվի մակարդակի բարձրացմանը, բայց դրա համար բացարձակ պետական կարգավիճակ տալու կարիք չկա»:
Քրիստինա Աղալարյան