Այսօր Ազգային ժողովի նիստերի դահլիճում գրանցվեց հերթական միջադեպը: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանին դուր չեկավ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի՝ 2019թ. զեկույցը ներկայացնելիս կիրառած՝ «Կինը ինքնուրույն, իրավատեր և արժանապատիվ մարդ է» ձևակերպումը: Պատգամավոր Հակոբյանը, մասնավորապես, նշեց. «Մեղմ ասած, այս ձևակերպումը ոչ տեղին էր։ 21-րդ դարում, հեղափոխությունից հետո ՄԻՊ-ի զեկույցում կանանց մասին խոսել 2 տողով, այն էլ նշել, որ կինը մարդ է, այն էլ՝ արժանապատիվ, սա անթույլատրելի է: Կարող էիք Ձեր միտքը այլ թեմաների շուրջ կրճատել, բայց կանանց իրավունքների մասին պետք էր ավելի համապարփակ խոսել»:
Իր հերթին՝ Թաթոյանը, անդրադառնալով ելույթին, նշեց. «Պարոն Վաղարշակ Հակոբյան, չհամարձակվեք մյուս անգամ Ձեր ձայնը բարձրացնել իմ վրա, մյուս անգամ չփորձեք իշխանական դիրքերից խոսել Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի հետ: Եվ մյուս անգամ չփորձեք սպառնալ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանին»:
Թեմայի շուրջ ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանի հետ, ով նշեց. «Պետք է հստակեցնել՝ նրանք, ովքեր անգրագետ և ոչ իրավական ձևակերպումներով հարձակվում են Արման Թաթոյանի վրա, առնվազն պետք է ամաչեն: Տարիներ հետո, երբ այս ոլորտում ավելի փորձառու լինեն, կհասկանան, որ ամբողջովին դատապարտելի է նրանց այս կեցվածքը: Նոր իշխանական խմբի մոտ չի հաջողվել իրագործել՝ Նոր Հայաստան, նոր վեհափառ, նոր ՍԴ գաղափարները, հիմա հերթը հասել է ՄԻՊ ինստիտուստին: Միջադեպը նրանց նախկին գործելաոճի շարունակությունն է»:
Ալավերդյանի խոսքով՝ իշխող կուսակցության համար անընդունելի է տեսնել մի կառույց, որն ամբողջովին գործում է իրավունքի և օրենքի ներքո. «Ցավոք, իրենց գործելաոճով նրանք խայտառակում են ինչպես իրենց, այնպես էլ հարցականի տակ դնում երկրի քաղաքակրթական մակարդակը: Այս մասով կարող եմ ասել՝ ձեռքներդ հեռու ՄԻՊ ինստիտուտից: Քաղաքակիրթ խորհրդարանը նրանց տեղը չէ: Նրանք առնվազն պետք է սովորեն՝ ստանալով առաջնային գիտելիքներ, ինչպես նաև ծանոթանան էթիկայի նորմերին»:
Մեր զրուցակիցը ցավով նշեց, որ նման միջադեպերն արդեն իսկ վատ են անդրադառնում հասարակական գիտակցության վրա, որը, ըստ նրա, արդեն իսկ զգացվում է:
Անդրադառնալով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հնչեցրած այն կարծիքին, որ ինքն անընդունելի է համարում Թաթոյանի անհանդուրժող վերաբերմունքը պատգամավորների դիտարկումների և ելույթի նկատմամբ, Ալավեդյանը ընդգծեց. «Ես ազնվորեն զարմանում եմ, թե ինչեպես է քաղաքական այդ երիտասարդ խումբն այդչափ արագ դառնում հնացած, հնամաշ՝ հեռացած քաղաքական ուժի նման: Նրանք կարծում են, թե ՄԻՊ կառույցը պետք է իրենց ենթարկվի: Այն տոնայնությունն ու կշտամբաքը, որն այսօր հնչեց ԱԺ ամբիոնից, ցույց է տալիս, որ գործ ունենք մարդկանց հետ, ովքեր առնվազն ծանոթ չեն էթիկայի նորմերին»:
Նա ընդգծեց, որ Արման Թաթոյանը կոռեկտ, իրավական և օրեսդրական բարձր իմացությունների տեր, օրինակելի հանդուրժողականություն ունեցող ՄԻՊ է: