Եվրոպական խորհրդարանի անդամ Ֆաբիո Մասսիմո Կաստալդոն դատապարտել է Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման նոր դեպքերը' ցավով փաստելով, որ առաջին անգամը չէ, երբ իրենք բախվում են ադրբեջանական կողմի նմանօրինակ գործողության հետ: Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Կաստալդոն ընդգծեց, որ բռնության այս վերջին դեպքը վնասում է հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին և Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդների հաշտեցմանը:
«Մենք ուշի ուշով հետևում ենք իրադրությանը, քանի որ վախենում ենք բռնության վերադարձից: Հուսով ենք, որ դիվանագիտությունը թույլ կտա երկու երկրներին էլ հստակեցնել իրենց պատասխանատվությունը նմանօրինակ հարձակումների դեպքերի հետ կապված: Իհարկե, մենք խնդրել ենք Ադրբեջանի կառավարությանը զերծ մնալ հետագա բռնություններից, հատկապես' ուղղված քաղաքացիական հասարակության դեմ, ինչի վկան եղանք այսօր: Կա երեք զոհ, և սա բարբարոսություն է, բռնարարք, որը չի կարող արդարացվել»,- ընդգծեց Եվրոպական խորհրդարանի անդամը:
Նա հույս հայտնեց, որ Եվրամիությունը կունենա միջնորդի դերակատարում' նպաստելով այն բանին, որ կողմերը վերականգնեն հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը: «Ցավոք, Եվրոպական հանձնաժողովը ավելի շատ մտահոգվում է էներգետիկ քաղաքականության հարցերով, քան մարդու իրավունքների և արժեքների պաշտպանությամբ: Հուսով եմ, որ այս անգամ եվրոպական կառույցները պատրատ կլինեն դատապարտելու այս ցավալի դեպքերը' երեք կանանց մահը»,- շեշտեց Կաստալդոն:
Նա հույս հայտնեց նաև, որ ադրբեջանական իշխանությունների վրա ճնշում կգործադրվի իրականությունը հստակեցնելու գործում: «Նրանք, ովքեր պատասխանատու են, պետք է դատվեն, և եթե պարզվի, որ մեղավոր են, ապա պատժվեն: Նման բռնի և բարբարոսական գործողությունները չեն կարող անպատիժ մնալ»,- եզրափակեց ԵԽ պատգամավորը:
Ադրբեջանական կողմի կրակոցներից Տավուշի մարզի Բերդավան համայնքում սեպտեմբերի 24-ին զոհվել է 2 քաղաքացիական անձ, 2-ը' վիրավորվել: Զոհված քաղաքացիներն են'1974 թվականին ծնված Սոնա Ռևազյանը և 1921-ին ծնված Շուշան Ասատրյանը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Տավուշի մեկ այլ սահմանամերձ Պառավաքար համայնքում հակառակորդի կրակոցից զոհվել է 83-ամյա Պայծառ Աղաջանյանը: