Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի (ՀԱՕԿ) 25-ամյակի կապակցությամբ շահագործման հանձնվեց «Օլիմպավանը»: «Արմենպրես»-ի փոխանցմամբ' բացման պաշտոնական արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, Եվրոպական օլիմպիական կոմիտեի (ԵՕԿ) նախագահ Պատրիկ Հիկեն, Ազգային օլիմպիական կոմիտեների նախագահ շեյխ Ահմեդ ալ Սաբահին, գործարար Սամվել Կարապետյանը: Արարողության մեկնարկին բարձրացվեցին Հայաստանի Հանրապետության, Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) և ՀԱՕԿ-ի դրոշները:

«Ինձ համար մեծ պատիվ է այսօր լինել այստեղ: Ես այստեղ էի նախորդ տարվա սեպտեմբերին ՄՕԿ նախագահ Թոմաս Բախի հետ և չէի հավատում, որ 1 տարվա ընթացքում «Օլիմպավանի» կառուցումն արդեն ավարտված կլինի: Շնորհավորում եմ բոլորին ՀԱՕԿ-ի 25-ամյակի կապակցությամբ»,- իր նվերը հանձնելով Գագիկ Ծառուկյանին՝ ասաց ԵՕԿ նախագահ Պատրիկ Հիկեն:

Շեյխ ալ-Սաբահին և Հիկեն ՀԱՕԿ նոր շենքի բակում տնկեցին իրենց ծառերը, ինչից հետո Գագիկ Ծառուկյանի հետ կտրեցին գրասենյակային շենքի կարմիր ժապավենը: Ներկաները ծանոթացան 4 հարկանի մասնաշենքին, այնուհետ եղան մարզադպրոցում, ծանթացան նաև հյուրանոցին:

Արարողության վերջնամասում կատարվեց ՀԱՕԿ 25-ամյակին նվիրված դրոշմանիշների մարման արարողությունը:

«Օլիմպավան»-ը 10 հազար կմ մակերեսի վրա տեղակայված օլիմպիական գյուղ-ավան է: Օլիմպիական ավանի մեջ ներառված են ադմինիստրատիվ շենքը (4 հարկ, յուրաքանչյուրը 1200 քմ), մարզադպրոցը (ծանրամարտի դահլիճ, ձյուդոյի, թաեքվոնդոյի, ըմբշամարտի և բռնցքամարտի մարզադահլիճները: Ֆիտնես-սրահ, շոքեբաղնիք, հանդերձարաններ, հակադոպինգային կենտրոն) և հյուրանոց (121 համար, ճաշարան, լվացքատուն և քննարկումների համար նախատեսված սենյակներ: 6 առանձին սենյակ սահմանափակ կարողություներ ունեցող մարդկանց համար): Եվս երկու մասնաշենք շահագործման կհանձնվեց 2016 թվականի մայիսի 1-ին: Շենքերից առաջինը լողավազանն, որն ունի ջրացատկի ժամանակակից աշտարակացատկեր, ցատկահարթակներ: