Սիրիայի ճգնաժամը բեկումնային պահի է հասել, և միջազգային հանրակցությունն սկսում է ավելի լավ հասկանալ մերձավորարևելյան այդ երկրում տեղի ունեցող իրադարձությունները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս կարծիքը հայտնել է Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆը՝ սեպտեմբերի 30-ին ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ մերձավորարևելյան խնդիրներին նվիրված նիստում:

 

 

«Սիրիայի ճգնաժամը բեկումնային պահի է հասել: Մենք ոգեշնչված ենք այն բանից, որ տեղի ունեցող իրադարձություններն ավելի ու ավելի իրատեսորեն են ընկալվում»,- ասել է նախարարը: Նա հավաստիացրել է, որ Թեհրանը կշարունակի ջանքեր գործադրել հակամարտության դադարեցման համար, և կոչ է արել բոլոր կողմերին՝ «աջակցել ներսիրիական քաղաքական կարգավորմանը, որը միակ ելքն է ստեղծված իրադրությունից»:

 

 

Զարիֆն արմատական գաղափարներն ու միջկրոնական թշնամանքը գնահատել է որպես «ընդհանուր մարտահրավերներ, որոնք բոլորին են սպառնում տարածաշրջանում ու նրա սահմաններից դուրս», ինչպես նաև պահանջում են համատեղ պատասխան գործողություններ: Նա հիշեցրել է ծայրահեղականության դեմ պայքարի միասնական ճակատ ստեղծելու, ինչպես նաև այդ ուղղությամբ գործողությունների համապարփակ ծրագիր կազմելու վերաբերյալ Իրանի նախագահի կոչի մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: