Ադրբեջանի նախագահը (Իլհամ Ալիևը - խմբ.) մեր երկրի ղեկավարի (էբրահիմ Ռաիսի - խմբ.) հետ հանդիպմանը հստակորեն նշել է, որ նման մտադրություն չունեն եւ տարածաշրջանում աշխարհագրական, սահմանային փոփոխություն չեն հետապնդում եւ չեն ցանկանում իրականացնել։ Այս մասին Երեւանում կայացած ճեպազրույցում ասել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե որն է լինելու իրանական կողմի դերը, երբ Ադրբեջանը՝ չնայած իրանական կողմի հայտարարություններին շարունակում է ռազմատենչ հայտարարությունները։
«Մենք ամենաբարձր մակարդակներում տարածաշրջանի աշխարհաքաղաքական եւ նաեւ սահմանների փոփոխման հետ կապված համապատասխան զգուշացումներ իրականացրել ենք։ Իրանի Իսլամական Հանրապետությունը հնարավորություն ունի խոչընդոտելու եւ դիմակայելու նման ցանկացած գաղափարի իրականացմանը»,- ասել է նա։