Ադրբեջանի իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցությունը 22 տարվա ընթացքում զբաղված է եղել իմիտացիայով, արհեստական պատկերներով և երևակայություններով իր համար հեղինակություն ստեղծելով: Սակայն իշխանության իրական նպատակը, կեղծարարությունը, հակասական քայլերը մշտապես բացահայտվել են: Ադրբեջանական իշխանություններն այժմ էլ զբաղված են հայ ընդդիմադրի' «Ներազգային ազատագրական շարժում» ՀԿ ղեկավար Վահան Մարտիրոսյանի' Ադրբեջանում ապաստան խնդրելու, այստեղ նրան բարձր մակարդակով ընդունելու քարոզչությամբ, ինչով կարծում են կարող են դրական հեղինակություն վաստակել աշխարհում:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գրում է «Ազադլըգ» թերթը' նշելով, որ Ադրբեջանն այնքան է թաղված համատարած կոռուպցիայի, մարդու իրավունքների կոպտագույն ոտնահարման, ապօրինությունների և կամայականությունների մեջ, որ նման դրսևորումը խիստ նման է «մարդուն սպանելուց հետո գլուխը շոյելուն»:
«Ամբողջ աշխարհը տեղյակ է, որ իշխանությունն ինքնասպանության սահմանին է հասցրել ղարաբաղյան պատերազմի մասնակիցներին ու հաշմանդամներին, չի վճարում 13500 զոհված զինծառայողների ընտանիքներին հասանելիք ապահովագրական վճարը, հայրենիքի համար առողջությունը կորցրածներին մուրացկանի թոշակ է տալիս և այլն: Միևնույն ժամանակ «հայամետ» և այլ կեղծ մեղադրանքներով բանտերն է նետում երկրի ճանաչված քաղաքական-հասարակական գործիչներին, մտավորականներին ու հարգված մարդկանց:
Իշխանությունը յուրացրել է ժողովրդի 100 միլիարդ դոլարների հասնող միջոցները, երկրի քաղաքացուն հասցրել է մուրացկանի վիճակի, բարձր տոկոսներով վարկերով սնանկացրել քաղաքացիներին: Ինչպե՞ս կարող է նման իշխանությունը մարդասեր լինել: Համատարած կոռուպցիայի, մենատիրության, անիրավության մեջ գտնվող երկրում որևէ կիսախելագառ հայի ընդունելով հեղինակություն վաստակել հնարավոր չէ: Հակառակը, ամբողջ աշխարհն իշխանության այդ քայլը դիտում է որպես խեղդվողի ծղոտից բռնվելու քայլ: Հրաժարվելով ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից՝ չես կարող քեզ հանդուրժողական, քաղաքակիրթ և մարդասեր ցուցադրել:
Մի խոսքով՝ եթե երկրի քաղաքացին ապաստան է որոնում Եվրոպայի երկրներում, միլիոնավոր քաղաքացիներ ապրուստի համար մեկնում են հարևան երկրներ, 2,5 մլն քաղաքացի թաղված է պարտքերի մեջ, անհնար է դիմակավորվել որևէ հայի ապաստանելով: Դա չի կարող ապահովագրել իշխանությունների հակամարդկային քաղաքականությունը»,- ընդգծել է թերթը:
Վահան Մարտիրոսյանը 2005 թվականի մարտի 28-ից հաշվառված է ՀՀ ԱՆ «Ավան» հոգեկան առողջության կենտրոն ՓԲԸ-ում' «Անձի հիստերիկ խանգարում» ախտորոշմամբ («Ավան» հոգեկան առողջության կենտրոն ՓԲԸ, 01-89-5107, 20.08.2015 թ.): Վահան Մարտիրոսյանի առնչությամբ Քննչական կոմիտեի վարույթում քննվում է երկու քրեական գործ, որոնցից մեկը' Երևանի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի վարույթում, որով նա ներգրավված է որպես տուժող, մյուսը' Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի վարույթում, որով ներգրավվել է որպես մե ղադրյալ: ՀՀ իրավապահ մարմինները սեպտեմբերի 9-ին Վահան Մարտիրոսյանի նկատմամբ հետախուզում են հայտարարել: