«Նորաշեն 2007» կոոպերատիվի գործունեությունից տուժած բնակիչները շարունակում են բարձրաձայնել և ուշադրություն հրավիրել իրենց վրա:

 

Բաբաջանյան 25/1 հասցեում նորակառույց շենքում նրանք տարիներ առաջ բնակարաններ են ձեռք բերել, սակայն այդպես էլ տան սեփականատեր չեն դարձել։

 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի տեղեկացմամբ՝ այսօր լրագրողների հետ ասուլիսի ընթացքում բնակիչներից Ռուզաննա Վարդանյանն ասաց, որ արդեն 8-րդ տարին է, ինչ վարձով է ապրում, գումարները մուծել է, սակայն այդպես էլ բնակարանը չի ստացել:

 

Ֆինանսական խնդիրների պատճառով կառուցապատող ընկերության ղեկավարները նույն բնակարանները գրավ են դրել մասնավոր անձանց մոտ և առք ու վաճառք ձևեկերպել՝ փոխարենը տոկոսով գումար վերցնելով։

 

Ընկերության ղեկավարներ Լուսաբեկ Սամվելյանն ու Արմեն Թադևոսյանը դատապարտվել են համապատասխանաբար 5 և 6 տարվա ազատազրկման, ընկերությունն էլ՝ սնանկ ճանաչվել:

 

Տուժողի խոսքով՝ շենքը դեռ չկառուցված այն վաճառվել է «Էսկո կոնցեռն» ընկերությանը, որը, սակայն, կառուցապատման համար ֆինանսական միջամտության կարիք ունի.

 

Փաստորեն, մեզ խաբեցին, 8 տարի է, ինչ վարձով եմ ապրում, գումարները տվել ենք, բայց այդպես էլ շենքը չտեսանք: Ես խնդրում եմ գոնե կառավարությունը, կամ բանկերին՝ գումարներ հատկացնեն, որ ի վերջո ավարտվի այդ շինարարությունը:

 

Իրավաբան Ռուբեն Սարգսյանն էլ նշեց, որ «Նորաշեն 2007» սպառողական կոոպորատիվը Երևանում 3 շինություն է կառուցել՝ Գևորգ Չաուշի 37, Գևորգ Չաուշի 14/3 և Բաբաջանյան 25/1 հասցեներում, որոնք կիսատ են մնացել։ Ֆինանսական խաղերի պատճառով ընկերությունը հայտնվել է ցայտնոտի մեջ, արդյունքում տուժել են բնակիչները:

 

Բնակիչները հինգշաբթի օրը պատրաստվում են բողոքի ցույց կազմակերպել կառավարության շենքի մոտ: