Հայաստանի ոստիկանությունը պարզաբանում է տարածել այսօր՝ հոկտեմբերի 5-ին Ազգային ժողովի մոտ իրավապահների գործողությունների կապակցությամբ։

 

 

Ոստիկանության լրատվության վարչության փոխանցմամբ, «Երեւանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 22.09.2015 թ. որոշմամբ ի գիտություն է ընդունվել հոկտեմբերի 5-ին Ազատության հրապարակ-Մաշտոցի պողոտա-Բաղրամյան պողոտա (Բաղրամյան պողոտայի թիվ 19 շենքի հարեւանությամբ' ԱԺ-ի ցանկապատին հարող տարածքում' մայթի վրա) եւ հետադարձ' Բաղրամյան պողոտա-Մաշտոցի պողոտա-Ազատության հրապարակ երթուղով նախատեսված երթը:

 

 

Երթի մասնակիցները, սակայն, շրջանցելով Երեւանի քաղաքապետարան ներկայացված իրազեկման պայմանները, երթն ընդհատել են ՀՀ Ազգային ժողովի ցանկապատին հարող տարածքում եւ իրականացրել հավաք:

 

 

ՀՀ ոստիկանությունը հավաքի ղեկավարներին նախազգուշացրել է, որ հավաքն անցկացվում է իրազեկման պայմանների խախտմամբ (իրավախախտում՝ նախատեսված Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 180 պրիմ հոդվածի 1-ին մասով):

 

 

Հավաքի ղեկավարներից պահանջվել է միջոցներ ձեռնարկել հավաքի բնականոն ընթացքն ապահովելու համար, սակայն վերջիններս հրաժարվել են կատարել «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված՝ հավաքի բնականոն ընթացքն ապահովելու իրենց պարտականությունը:

 

 

Հավաքի մասնակիցների կողմից օրենքով նախատեսված իրենց պարտականությունը չկատարելու հիմքով (իրավախախտում' նախատեսված Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 180 պրիմ հոդվածի 11-րդ մասով) հավաքի մի շարք մասնակիցներ բերման են ենթարկվել ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Արաբկիրի բաժին:

 

 

Ոստիկանության սպաների կողմից' բերման ենթարկվողների մեջ Ազգային ժողովի պատգամավոր Արամ Մանուկյանին տեղում նկատելուց հետո, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 66-րդ հոդվածը, պատգամավորի նկատմամբ որեւէ միջոց չի կիրառվել: