Ինդոնեզիայի իշխանությունները լրացուցիչ ավելի քան 2,1 հազար զինծառայողներ են ուղարկում Սումատրա արևմտյան կղզին ճարակած՝ վերջին տարիների ամենաուժեղ անտառային հրդեհների դեմ պայքարելու համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Սթրեյթս թայմս» թերթին, կրակի դեմ պայքարող զինվորականների ու ոստիկանության աշխատակիցների ընդհանուր թիվն այդպիսով կհասնի գրեթե 6 հազարի:

 

 

Արբանյակներից ստացված պատկերների համաձայն՝ ներկայում Սումատրայում հրդեհների շուրջ 1,8 հազար օջախներ կան: Դրանց մեծ մասը գտնվում են այն պլանտացիաներում, որտեղ արմավենու ձեթ և կաուչուկ են արտադրում, ինչպես նաև անտառանյութի մթերման վայրերում: Կալիմանտան կղզում, որը նույնպես հայտնվել է կրակի ճիրաններում, իրադրությունը փոքր-ինչ ավելի լավ է. այնտեղ գրանցվել է շուրջ 250 օջախ:

 

 

Հրդեհների պատճառ են համարվում տեղացի ֆերմերների գործողությունները, որոնք միտումնավոր հրկիզում են անտառները տնտեսական գործունեության համար նոր տարածքներ ազատելու նպատակով:

 

 

Ինդոնեզիայի բնակիչները տուժում են հրդեհների հետևանքով առաջացած ծխից: Այսպես, կենտրոնական Կալիմանտան նահանգի վարչական կենտրոն Պալանգկարայա քաղաքում օդի աղտոտվածության մակարդակն անցած հանգստյան օրերին գերազանցել է 1,9 հազար միավորն այն դեպքում, երբ 300 միավոր ցուցանիշը կրիտիկական է համարվում և խիստ վտանգավոր է մարդու առողջության համար:

 

 

Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, հրդեհներից առաջացած ծուխն արդեն ավելի քան մեկ ամիս զգացվում է Մալայզիայի բազմաթիվ բազմաթիվ նահանգներում և Սինգապուրի ամբողջ տարածքում: Մալայզիայի իշխանությունները բնապահպանական իրադրության կտրուկ վատանալու կապակցությամբ որոշում են ընդունել հոկտեմբերի 5-ին և 6-ին փակել գրեթե բոլոր դպրոցներն ու մանկապարտեզները: Բացի այդ, նախօրյակին սաստիկ ծխի պատճառով Մալայզիայի մի շարք քաղաքներում ժամանակավորապես չեն աշխատել օդանավակայանները: