Շվեդիան հայտարարել է, որ Իրաք կուղարկի զինվորներ, որոնք կմասնակցեն միջազգային դաշինքի կողմից «Իսլամական պետությունը» դեմ պայքարին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, շվեդ 35 զինվորականները կընգրկվեն միջազգային ուժերի շարքե րում և զինպատրաստություն կանցկացնեն իրաքցի զինվորականների հետ: Հնարավոր է, որ անհրաժեշտության դեպքում Շվեդիան իր զինվորների թիվը հասցնի 120-ի:
Լիբանանյան «Ալ Մայադին» գործակալության տեղեկացմամբ՝ «Իսլամական պետությունը» Անբարի մարզի արևմուտքում 300 մարդկանց է սպանել:
Իրաքի պաշտոնական աղբյուրները հաստատել են, որ Թիքրիթ քաղաքում հայտնաբերվել են զանգվածային 13 գերեզմաններ, որտեղ թաղված են օդային ուժերի ավելի քան 1700 կուրսանտներ:
Տեղեկություններ են հաղորդվել այն մասին, որ ԻՊ-ն կորցրել է վերասկողությունը Իրաքի որոշ նավթային բազաների վրա, բացի այդ, իրաքյան ուժերը շարունակում են ռազմական գործողությունները Անբարի մարզի Ռամադի քաղաքում:
Անբարում լայնամասշտաբ ռազմական գործողությունները սկսվել են ապրիլի 7-ից: Իրաքյան անվտանգության ուժերը ցեղախմբերի հետ միասին ազատագրել են Ռամադի քաղաքի արևելքում գտնվող երկու շրջաններ, ինչպես նաև Անբարի մարզի արևելքում գտնվող յոթ գյուղեր:
Մինչ այդ՝ մարտի 31-ին, ԻՊ-ց ազատագրվել էր Թիքրիթ քաղաքը:
«Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպությունը համարվում է աշխարհի ամենավտանգավոր, ամենախոշոր և, միևնույն ժամանակ, ամենահարուստ ահաբեկչական կազմակերպությունը: ԻՊ կազմակերպությունում ընդգրկվել են 80 երկրների մոջահեդներ: