Ալբանիան որոշել է «Իսլամական պետության» դեմ պայքարելու համար զենք ուղարկել Իրաք: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, Ալբանիայի կառավարության որոշմամբ' զենքները կուղարկվեն մոտակա ժամանակներում, ինչ ի նպատակն է օգնել իրաքյան կառավարությանն ահաբեկիչների դեմ պայքարում: Իշխանությունները, սակայն, չեն մանրամասնել, թե ինչպիսի զենքեր կուղարկեն Բաղդադ: Ալբանիան սեպտեմբերին Իրաք էր ուղարկել 15 հազարից ավելի ձեռքի նռնակներ, 10 հազարից ավլի «հաուն» կոչվող ռումբեր և այլ զենք:
Իրաքում և Սիրիայում ԻՊ-ի դեմ միջազային դաշինքի պայքարը սկսվել է սեպտեմբերի վերջին: ԱՄՆ-ի նախաձեռնությամբ ԻՊ-ի դեմ պայքարին մասնակցում են ավելի քան 50 երկրներ: 1,5 ամսվա ընթացքում ոչնչացվել են ԻՊ-ի տասնյակ անդամներ, ինչպես նաև նրանց պատկանող զենքերը, տեխնիկան:
«Իսլամական պետությունը» համարվում է խոշորագույն ահաբեկչական կազմակերպություններից մեկն աշխարհում: Կազմակերպությունը 2014թ.-ի հունիսին հայտարարել է Իսլամական խալիֆաթ ստեղծելու մասին, որը իր մեջ ընդգրկում է Հալեպից մինչև Իրաքի Դիյալա ընկած տարածքները: Խալիֆա է նշանակվել Աբու Բաքր ալ Բաղդադին: