Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Ինթերնեյշընլի հայաստանյան գրասենյակը՝ «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամը, համաշխարհային Հաբիթաթի օրը, որն ամեն տարի նշվում է հոկտեմբերի առաջին երկուշաբթի օրը, սկսեց Նոր Խարբերդ գյուղում բնակվող Կնյազյանների ընտանիքի հետ: Հաբիթաթ Արմենիայի հետ համագործակցող ամերիկյան «Իսենդընթ» («Essendant») ընկերության 12 կամավորներ հանձն են առել տան պատերի ցեմենտ-ավազային շաղախի հարթեցման աշխատանքները: Նրանք մեծ ոգևորությամբ են խոսում օգնության կարիք ունեցող մարդկանց ձեռք մեկնելու հնարավորության մասին:

 

«Առաջին օրն ենք այստեղ և սիրահարվել ենք երկրին: Այս ընտանիքը մեզ այնքան ջերմ ընդունեց. մեզ հյուրասիրեցին տորթով, մրգերով' շատ ջերմ ընդունելություն ցույց տվեցին, և դրանից հետո անմիջապես գործի անցանք: Տեսնում ենք, թե որքան կարևոր է մեր դերն այստեղ, և թե որքան շատ են «Հաբիթաթ Արմենիայի» հետ համագործակցող ընտանիքները ցանկանում բարելավել իրենց բնակարանային պայմանները: Մեզ բախտ է վիճակվել աջակցելու, ինչի համար շատ ուրախ ենք»,- ասաց կամավորների թիմի համակարգող Թրեյսի Հորվիչը, ով նաև «Իսենդընթ» ընկերության բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրենն է:

 

Հայկական հյուրասիրությունից տպավորված է նաև թիմի մյուս անդամը՝ Ջինա Լյուիսը: Նա ընդգծում է, որ երջանիկ է հայ ընտանիքին օգնելու հնարավորություն ստանալու համար:

 

«Այնքան հիանալի է օգնել հայ մարդկանց' այն մարդկանց, ովքեր ապրում են այս տանը: Սա բարդ աշխատանք է: Ես պատիվ ունեմ օգնելու և շնորհակալ եմ այս հնարավորության համար: Իմ համայնքում մարդկանց օգնելուց հաճույք եմ ստանում և կարծում եմ' հիանալի է օգնել այլ երկրներում ապրող մարդկանց նույնպես: Առաջին անգամ է, որ կամավորական ծրագրի եմ մասնակցում այլ երկրում' իմ երկրից այսքան հեռու»,- ասաց Ջինան:

 

Կնյազյանների ընտանիքին օգնող 12 հոգանոց թիմի բոլոր անդամները ներկայացնում են Իսենդընթ ընկերությունը, որի համար, ինչպես նշեց Թրեյսի Հորվիչը, կամավորական և բարեգործական ծրագրերին մասնակցելն ավանդույթ է: Ընկերությունը համագործակցում է Հայաստանում ակտիվ գործունեություն ծավալող բարեգործական կազմակերպությունների հետ: Նրանք նաև դրամական որոշակի աջակցություն են ցույց տվել «Հաբիթաթ Արմենիային»:

 

Ինչպես նշում է վերանորոգման աշխատանքների պատասխանատուն' «Հաբիթաթ Արմենիայի» շինարարության և աղետների արձագանքման ղեկավար Անդրե Օհանյանը, կամավորները շինարարներ չեն, սակայն դա նրանց չի խանգարում որակյալ կատարել գործը, քանի որ ինքը ղեկավարում է աշխատանքները:

 

«Ես իրենց ուղղորդում եմ, սովորեցնում եմ' ինչպես կատարեն աշխատանքները, և իրենք արդեն կատարում են: Սկզբնական շրջանում մի 3 ժամ տևում է մինչև հմտանան, բայց անում են»,-ասաց Անդրե Օհանյանը' ընդգծելով, որ կամավորների հետ շատ հերաքրքիր և ուրախ է աշխատելը:

 

Արտասահմանցի կամավորների հետ աշխատանքն ուրախ է անցնում նաև տանտիրոջ' Ազատ Կնյազյանի համար: Վերջինս պնդում է, որ եթե «Հաբիթաթ Արմենիայի» աջակցության ծրագիրը չլիներ, ինքը դժվար թե վերանորոգման աշխատանքներ սկսեր:

 

«Շնորհակալություն եմ հայտնում: Նրանք ինձ օգուտ տվեցին այնքանով, որ կարողացան աշխատեցնել ինձ (խմբ. ծիծաղում է): Գործից հասկանում եմ, ինձ պարզապես լրացուցիչ օգնություն էր պետք: Փոփոխություններն ակնհայտ երևում են: Խորհուրդ կտամ համագյուղացիներիս մասնակցել ծրագրին: Կամավորների հետ էլ հասկանում ենք իրար' ինչ-որ կերպ հասկացնում ենք այն, ինչ պետք է: Մի երկու բառ էլ սովորել ենք (խմբ. կրկին ծիծաղում է)»,- ասաց Ազատ Կնյազյանը:

 

«Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամը «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Ինթերնեյշընըլի» ազգային գրասենյակն է Հայաստանում: Կազմակերպության հիմնական նպատակն է աջակցել ցածր և միջին եկամուտ ունեցող ընտանիքներին՝ բարելավելու իրենց բնակարանային պայմանները:

 

«Հաբիթաթի համաշխարհային օրվա հիմնական գաղափարն այն է, որ ավելի շատ մարդկանց տեղեկացնենք բնակարանային կարիքի մասին և կոչ անենք ամբողջ աշխարհին, որ միասին լուծումներ գտնենք այդ խնդրի հետ կապված: Այսօրվա միջոցառման շրջանակներում ցանկանում ենք քաղաքական գործիչներին, հանրությանը, հասարակական կազմակերպություններին տեղեկացնել ու բարձրաձայնել երկրում առկա բնակարանային կարիքի մասին»,-ասաց «Հաբիթաթ Արմենիայի» ռեսուրսների զարգացման ղեկավար Սեդա Արզումանյանը:

 

«Հաբիթաթ Արմենիան» սովորաբար իր առջև դնում է բարձ նշաձողեր և անկախ առաջացած խնդիրներից' հասնում է նպատակներին: Երբեմն անգամ գերազանցում է դրանք:

 

«Դնում ենք նպատակներ, հասնում ենք դրանց, գերազանցում ենք դրանք: Հիմնականում խնդիրներ առաջանում են ֆինանսների սղությունից և բնակչության իրազեկության պակասից, բայց երկուսի ուղղությամբ էլ աշխատում ենք»-ասաց

 

«Հաբիթաթ Արմենիայի» գործադիր տնօրեն Լուիզա Վարդանյանը' տեղեկացնելով, որ ընտանիքների և վարկային մասնագետների համար կազմակերպվում են նաև թրեյնինգներ, անցկացվում են շինարարական խորհրդատվություններ, մշակվում են ձեռնարկներ, թե ինչպես վերանորոգել տունը, որ խնդիրներին ուշադրություն դարձնել, ինչ գործիքներ օգտագործել:

 

Հաբիթաթ Արմենիան Հայաստանում գործում է 2000 թվականից: Մինչ օրս սպասարկել է ավելի քան 4000 ընտանիքի, ընդունել է ավելի քան 950 կամավորների: Կազմակերպության առաքելությունն է աջակցել ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին բարելավելու իրենց բնակարանային պայմանները: Այն իրականացնում է տների և բնակարանների վերակառուցման ու վերանորոգման ծրագրեր, տրամադրում բնակարանաշինության միկրոֆինանսավորման ծառայություններ' համագործակցելով ֆինանսական կազմակերպությունների հետ, ինչպես նաև աշխատանքներ է տանում երկրում մատչելի բնակարանային պայմաններ ստեղծելու ուղղությամբ։ Կամավորների աշխատանքի և գործընկեր ընտանիքների ուժերով Հաբիթաթը կառուցում և վերականգնում է պարզ և պատշաճ կացարաններ՝ այդ նպատակով ընտանիքներին տրամադրելով մատչելի փոխառություններ: Գործընկեր ընտանիքների ամսական վճարումների գումարները հավաքվում են «Շրջանառու ֆոնդում» և կրկին օգտագործվում Հաբիթաթի կողմից նոր տների կառուցման կամ վերանորոգման համար: