ԱՄՆ-ի Օդագնացության եւ տիեզերական տարածության ուսումնասիրման ազգային վարչության (NASA) գիտնականներն այն կարծիքին են, որ անցյալում Մարսի վրա հազարամյակների ընթացքում գոյություն են ունեցել լճեր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է հոկտեմբերի 8-ին Science հանդեսում հրապարակված հետազոտության մեջ:

 

Տիեզերական գերատեսչության աշխատակիցների կարծիքով՝ ինչ-որ ժամանակ, մասնավորապես, ջրով է լցված եղել Գեյլի խառնարանը, որի տրամագիծը կազմում է շուրջ 154 կիլոմետր: Գիտնականներն այս եզրակացությանն են եկել՝ ուսումնասիրելով այն տեղեկատվությունը, որը ձեռք է բերվել նաեւ Curiosity մարսագնացի օգնությամբ: Հավանաբար ջրի աղբյուրներ են եղել անձրեւները կամ հալչող սառույցները:

 

Ինչպես նշել է Curiosity նախագծի ղեկավարներից մեկը՝ Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտից գիտնական Ջոն Գրոտզինգերը, «եթե գտնվել են լճերի գոյության վկայություններ, ապա դա կարող է փաստարկ լինել կյանքի առկայության օգտին»:

 

Սեպտեմբերի վերջին NASA-ն հայտարարել է Կարմիր մոլորակի վրա ջրի ներկայության վկայություններ հայտնաբերելու մասին: «Դա կարեւոր հայտնագործություն է, որը հաստատում է, որ ջուրը, թեպետեւ աղային լուծույթի տեսքով, այսօր հոսում է Մարսի մակերեւույթով»,- սեպտեմբերի 29-ին NASA-ի կենտրոնակայանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է այդ գերատեսչության գիտական աշխատանքների գծով տնօրեն Ջոն Գրանսֆելդը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: