Մինչ այն, երբ առաջին մարդիկ վայրէջք կատարեցին Լուսնի վրա, գիտնականները գիտեին, որ մեր մոլորակի միակ բնական արբանյակն անբնակ է, դատարկ ու մաքուր։ Եվ մինչ օրս՝ տասնամյակներ անց, մենք չենք կարողացել գտնել ապացույցներ այն բանի, որ այլմոլորակային կյանք երբևէ գոյություն է ունեցել Լուսնի վրա։
Ըստ մեզ՝ երկրաբնակների, Լուսնի վրա կյանք չկա, անգամ՝ կենսաբանական միացություններ։ Մեր արբանյակը դեռևս «անպտուղ» տեսք ունի։ Սակայն, պարզվում է, մենք կյանքը փնտրել ենք ոչ այնտեղ, որտեղ անհրաժեշտ է։
ԱՄՆ Կոլորադո նահանգում գտնվող Բոուլդերի հարավարևմտյան գիտահետազոտական ինստիտուտի գիտնական Ալան Ստերնը և նրա գործընկերները Լուսնի վրա մի վայր են հայտնաբերել, որտեղ, հնարավոր է, կյանք գոյություն ունեցած լինի։ Այն գտնել հնարավոր է արբանյակի հարավային բևեռի վրա, որտեղ օրբիտալային սարքավորումները ջրային սառույց են հայտնաբերել։
Այդ սառույցը մեր մոլորակի արբանյակի վրա հայտնվել է նույնկերպ, ինչպես և Երկրի վրա՝ գիսաստղից, որը Տիեզերքի խորքերից ջուր և կյանքի «ստեղծման» համար ահրաժեշտ այլ նյութեր է բերել։ Այսինքն՝ լուսնային սառույցը կարող է բացահայտել Երկրի վրա կյանքի առաջացման գաղտնիքը։
Ցավոք, հասնել Լուսնի հարավային բևեռին մարդիկ մոտակա ժամանականերում չեն կարող, իսկ մինչ այդ գիտնականները հորդորում են Լուսնի այդ հատվածը զերծ պահել աղտոտումից, որպեսզի դրանում արհեստականորեն չհայտնվեն ժամանակակից կյանքի նշույլներ։