Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հոկտեմբերի 10-ին կգումարի արտահերթ նիստ' նվիրված սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը: «Հոկտեմբերի 10-ին' ժամը 13:00-ին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կգումարի նիստ, որում կքննարկի 2015 թվականի դեկտեմբերի 6-ին ՀՀ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի կազմակերպման ու անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը»,- ասաց Հերմինե Հարությունյանը:

 

 

Հանրաքվեի մասին օրենքով սահմանված է, որ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի քարոզչությունն սկսվում է հանրաքվեի նշանակման օրվանից և ավարտվում քվեարկությունից մեկ օր առաջ: Հանրաքվեի դրված հարցի վերաբերյալ օրենքով չարգելված ձևերով և միջոցներով քարոզչություն կատարելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, կուսակցությունները և հասարակական միավորումները:

 

 

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 8-ին հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն 2015 թվականի դեկտեմբերի 6-ին նշանակելու մասին: