Մերձավոր Արևելքի հակամարտությունը կարող է բացասաբար անդրադառնալ Թուրքիայի և Ռուսաստանի տնտեսական հարաբերությունների վրա, գրում է Financial Times թերթը:

 

Ներկայումս Թուրքիան ռուսական գազի ամենախոշոր սպառողներից մեկն է: Սև ծովի հատակով նոր գազատարի կառուցումը պետք է ամրապնդեր երկու երկրների գործընկերությունը, սակայն ներկայումս այդ տնտեսական հարաբերությունների ապագան կասկածի տակ է:

 

Անցյալ շաբաթ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զգուշացրել է, որ Սիրիայում Ռուսաստանի ռազմական արշավը սպառնալիքի տակ է դնում Թուրքիայի տարածքում ատոմակայանի կառուցման պայմանագիրը: Նա նշել է նաև, որ Անկարան կարող է սկսել գազ ստանալ այլընտրանքային աղբյուրներից:

 

Երկու երկրների միջև հարաբերությունները լարվել են այն բանից հետո, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սկսել է զենք և ռազմական տեխնիկա ուղարկել՝ Սիրիայի Նախագահ Բաշար Ալ Ասադին աջակցելու համար, որին դեմ է Էրդողանը: Իրավիճակը սկսեց վատթարանալ այս տարվա հոկտեմբերին, երբ Ռուսաստանը խախտել է Թուրքիայի օդային տարածքը:

 

«Երկար ժամանակ նրանք փորձում էին այնպես անել, որպեսզի Սիրիայի հարցով վեճը չազդի իրենց երկկողմ տնտեսական հարաբերությունների վրա: Սակայն այդ բալանսն այլևս կայուն չէ»,- նշվում է թերթի հոդվածում: