Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին հայտնել է, որ թուրքական կողմը չի ընդունում ռուս-թուրքական առևտրային հարաբերություններում առկա «սահմանափակումներ» եզրույթը: Հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

 

«Ռուսական կողմը խրախուսում է լոլիկի ներքին արտադրությունը, սակայն թուրքական կողմը ինչպես նախկինում չի ընդունում «սահմանափակումներ» եզրույթը: Մենք գտնում ենք, որ որևէ սահմանափակում չպետք է լինի երկու երկրների միջև: Մենք կսպասենք մինչև մայիսի վերջ և հետո կձգտենք Ռուսաստանի հետ գալ սկզբունքային համաձայնության»,- ասել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարարը:

 

Նա նշել է, որ ռուս-թուրքական առևտրային հարաբերությունները բավականաչափ կարգավորվել են, և դեպի Ռուսաստան լոլիկի արտահանման դադարեցումը Թուրքիայի համար չի նշանակում «աշխարհի վերջը»:

 

Ռուսաստանը 2016-ի հունվարի 1-ից թուրքական որոշ ապրանքատեսակների ներմուծման վրա էմբարգո էր սահմանել: Ռուսական կողմի սահմանափակման պատճառը Թուրքական զինված ուժերի կողմից ռուսական Սու-24 ինքնաթիռի կործանումն էր:

 

2017-ի մայիսի սկզբին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Էրդողանի հետ ունեցած բանակցություններից հետո վերացրել է որոշ ապրանքատեսակների վրա դրված արգելքը, սակայն Թուրքիայից Ռուսաստան լոլիկի ներկրման արգելքը շարունակվում է պահպանվել: