Երկու ամիս առաջ Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները վերելքի վրա էին, ինչին նպաստել էր սերտ կապը երկու երկրների նախագահների միջև: Այժմ կա ենթադրություն, որ երկու երկրների միջև լուրջ ճեղք է առաջացել՝ չնայած ամուր տնտեսական կապերին: Այդ մասին «Ամերիկայի ձայնը» ռադիոկայանի կայքում գրել է լրագրող Դորիան Ջոնսը:

 

 

Այդ ենթադրությունները կապված են այն բանի հետ, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն աջակցել էր Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի շուրջ Թուրքիայի նկատմամբ Հայաստանի պահանջները, իսկ Անկարան հրաժարվել էր մասնակցել Մոսկվայում մայիսի 9-ի տոնական միջոցառումներին: Բացի այդ, երկու կողմերի հռետորաբանությունն է կոշտացել:

 

 

«Մենք ցեղասպանության վերաբերյալ դասախոսությունների կարիքը չունենք մի երկրից, որն անցյալում իրականացրել է ջարդեր և էթնիկ զտումներ», - հայտարարել է Թուրքիայի նախագահը:

 

 

Թուրքական Taraf թերթի և «Al Monitor» կայքի դիվանագիտական հարցերով մեկնաբան Սեմիհ Իդիզն ասել է, որ երկկողմ հարաբերություններում նկատելի շրջադարձ է տեղի ունեցել։ «Մինչև վերջերս ցուցադրում էին, որ իրենք օրինակելի հարաբերություններ ունեն, սակայն այս պահին դրանք, կարծես, վատթարացել են: Դրա լավագույն ապացույցն այն է, որ Էրդողանը հրաժարվել է մայիսի 9-ին ներկա լինել Մոսկվայում կայանալիք միջոցառումներին: Տպավորությունը, թե Էրդողանն ու Պուտինը մտերիմ ընկերներ են, կարծում եմ, հօդս ցնդեց»,-ասել է նա:

 

 

Դեկտեմբերին Անկարան Պուտինի համար պետական ընդունելություն էր կազմակերպել, որի ժամանակ ՌԴ նախագահը Թուրքիային բնորոշել է որպես ռազմավարական գործընկեր: Նույն այցի ժամանակ Պուտինը չեղյալ է համարել Բուլղարիայի տարածքով Եվրոպա գազատարի նախագիծը և հայտարարել նոր գազատարի՝ «Թուրքական հոսքի» շինարարության մտադրության մասին:

 

 

Անկարայի էներգետիկ շուկաների ու քաղաքականության ինստիտուտի վերլուծաբան Վոլքան Օզդեմիրը կարծիք է հայտնել, որ նման նախագծերը պաշտպանված կլինեն երկկողմ աճող լարվածությունից: «Ես ոչ մի կապ չեմ տեսնում քաղաքական լարվածության և խողովակաշարային նախագծերի միջև: Ռուս-թուրքական երկկողմ հարաբերությունները հիմնված են փոխադարձ տնտեսական շահերի վրա, ոչ թե ռազմավարական միության: Ռուսաստանը թուրքական արտահանման առաջին գործընկերն է, մյուս կողմից, Ռուսաստանը թուրքական ապրանքների համար հսկայական շուկա է»,-ասել է նա:

 

 

Ստամբուլի համալսարանի միջազգային հարաբերությունների փորձագետ Սոլի Օզելը նշել է, որ Անկարայի և Մոսկվայի վերջին շրջանի սառնությունն ի հայտ է բերել երկկողմ անհավասար, չբալանսավորված հարաբերությունները:

 

 

«Ռուսները բացարձակ չեն հարգում Թուրքիայի շահերը։ Նրանք չեն զգուշանում՝ թուրքերին չհիասթափեցնելու կամ չվիրավորելու հարցերում, մինչդեռ թուրքերը, որպես կանոն, բավական զգույշ են: Սա, իմ կարծիքով, ոչ հավասար ուժերի հարաբերություններ են»,-ասել է Օզելը: