Թուրքիայի քեմալական Հանրապետական ժողովրդավարական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն կրկին պահանջել է երկրի վարչապետից հեռացնել պաշտոններից ներքին գործերի նախարար Սելամի Ալթընօքին և արդարադատության նախարար Քենան Իփեքին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, այս մասին ընդդիմադիր կուսակցության առաջնորդը խոսել է «Ինտերկոնտինենտալ» հյուրանոցում ունեցած հանդիպման ժամանակ:

 

«Օգտագործիր վարչապետ լինելու իրավունքդ և նրանց պաշտոնաթող արա: Բավակա'ն է արդեն, բավակա'ն է»,- դիմելով Դավութօղլուին՝ ասել է Քըլըչդարօղլուն: Նա իր դժգոհությունն է հայտնել նաև այն փաստի առնչությամբ, որ Անակարայում տեղի ունեցած ահաբեկչության հետ կապված լուրերի հրապարակման վրա արգելք է դրվել: «Ինչո՞ւ եք վախենում: Ի՞նչ հիմնավորմամբ եք հրապարակման արգելք դնում: Սեփական արարքները ծածկելո՞ւ համար»,- ասել է քեմալական կուսակցության ղեկավարը: