ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը Ժնևում հոկտեմբերի 18-ին հանդիպել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ:
Հանդիպումը կայացել է Միջխորհրդարանական միության 133-րդ վեհաժողովի շրջանակում. քննարկվել են երկու երկրների կողմից միջազգային հարթակներում իրականացվող աշխատանքների մանրամասները:
Վալենտինա Մատվիենկոն ՀՀ ԱԺ նախագահի հետ զրույցում անդրադարձել է հայ-ռուսական փոխհարաբերությունների վերջին զարգացումներին և Եվրասիական տնտեսական միության շրջանակում համագործակցությանը: Մասնավորապես, Վալենտինա Մատվիենկոն նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունը, գտնվելով միջազգային որոշակի պատժամիջոցների ազդեցության տակ, այնուամենայիվ, դրանք հաղթահարում է և զարգացնում տնտեսությունը: Տիկին Մատվիենկոն վստահեցրել է, որ հայ-ռուսական բարեկամական և ռազմավարական հարաբերությունները շարունակում են զարգանալ և օրեցօր ամրապնդվել: Վալենտի նա Մատվիենկոն, անդրադառնալով աշխարհաքաղաքական վերջին զարգացումներին ու ներկա վիճակին, կարծիք է հայտնել, որ տնտեսության զարգացման լավագույն մոդելը պետությունների միասնական միությունների ստեղծումն է, որտեղ մասնակից պետությունների հնարավորություններն ավելանում են:
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և նշել, որ Հայաստանի և Ռուսաստանի դաշնակցային ռազմավարական գործընկերության հիմքում ոչ միայն արդի փոխշահավետ համագործակցությունն է, այլև երկու եղբայրական ժողովուրդների դարավոր բարեկամությունը, մշակութային և հոգևոր մտերմությունը: ՀՀ ԱԺ նախագահը նշել է. «Այսօր կարելի է փաստել, որ տարբեր մակարդակներում պարբերական բնույթ կրող փոխայցելությունները նպաստում են հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդմանը և հնարավորություն տալիս քննարկել բազմաթիվ օրակարգային հարցեր»:
Խոսելով միջազգային հարթակներում երկու երկրների միջխորհրդարանական համագործակցության մասին՝ Գալուստ Սահակյանը նկատել է, որ փոխադարձ աջակցությունը միջազգային կազմակերպություններում բխում է երկու երկրների դաշնակցային շահերից:
ՀՀ ԱԺ նախագահը և ՌԴ Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի նախագահը քննարկել են տիկին Մատվիենկոյի՝ նոյեմբերին Հայաստանի Հանրապետություն սպասվող այցի մանրամասները, որին նախորդելու է հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի 27-րդ նիստը: