Ադրբեջանի մեթանոլի արտադրության Գարադաղի գործարանը (AzMeCo) դադարեցրել է ռուսաստանյան «Գազպրոմ» ընկերությունից գազի գնումը:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գործարանից report.az-ին հայտնել են, որ մեթանոլի համաշխարհային գների անկման պատճառով այլևս շահավետ չէ «Գազպրոմից» գազ գնել առկա պայմանագրային գնով:

 

«Որոշում է ընդունվել դադարեցնել «Գազպրոմից» գազի գնումը, քանի որ ընթացիկ պայմաններով արտադրությունը վնասաբեր է»,- նշել են AzMeCo գործարանում:

 

Պայմանագրի գործողության ընթացքում AzMeCo-ն «Գազպրոմից» ավելի քան 100 մլն խմ գազ է գնել:

 

AzMeCo-ն «Գազպրոմի» հետ պայմանագիրը ստորագրել է 2015 թվականի սեպտեմբերի 11-ին: Պայմանագրով «Գազպրոմը» AzMeCo-ին պետք է տարեկան 2 մլրդ խմ գազ վաճառեր: «Գազպրոմի» գազի մատակարարումները պետք է ապահովեին Գարադաղի մեթանոլի գործարանի 100 տոկոս երաշխավորված բեռնվածությունը:

 

AzMeCo-ն հիմնադրվել է 2007 թվականին և շահագործման հանձնվել 2013 թվականի դեկտեմբերին: Գործարանի արտադրական հզորությունը կազմում է տարեկան 720 գազար տոննա մեթանոլ: