Ռուսական օդային ուժերի ռմբակոծության հետևանքով 45 մարդ է զոհվել, այդ թվում՝ զինված ընդդիմության ղեկավարներից մեկը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ara.reuters.com կայքը, այս մասին հոկտեմբերի 20-ին տեղեկացրել է Մարդու իրավունքների պաշտպանության սիրիական մոնիթորինգի կենտրոնը: Կենտրոնի տնօրեն Ռամի Աբդ առ Ռահմանը նշել է, որ դեպքը տեղի է ունեցել Լաթաքիայի նահանգում գիշերը: Ռմբակոծության է ենթարկվել Ջաբալ ալ Աքրադ շրջանը: Օդային հարվածներն ուղղվել են ահաբեկիչների վերահսկողության տակ գտնվող տարածքների վրա: Վիրավորվել է շուրջ 120 մարդ: Զոհերի և վիրավորների թիվն աճում է, քանի որ որոշ մարդիկ մնացել են փլատակների տակ:

 

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ ռուսական ռազմական օդանավերը 24 ժամվա ընթացքում 33 մարտական թռիչք են իրականացրել ահաբեկչական կազմակերպությունների դիրքերի ուղղությամբ' համաձայն ռուս-սիրիական հակաահաբեկչական պայքարի վերաբերյալ համաձայնության: Ռազմական աղբյուրների տեղեկացմամբ, ռուսական օդուժի թիրախում է հայտնվել ահաբեկչական կազմակերպությունների 49 դիրք' Դամասկոսի, Իդլիբի, Լաթաքիայի և Համայի վարչական շրջաններում:

 

ՄԱԿ-ի տվյալներով՝ սիրիական հակամարտության ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 220 հազարը: