Երևանում հոկտեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը հնչած կրակոցներից վիրավորված 1988 թվականի ծնված Վլադիմիր Գևորգյանը, Արման Ավագյանը, 1984 թվականի ծնված Արման Սրապիոնյանի առողջական վիճակը գնահատվում է բավարար. նրանք արդեն տեղափոխվել են հիվանդասենյակ:

 

Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին «Հերացի» թիվ 1 համալսարանական համալիրից:

 

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Էրեբունի» բժշկական կենտրոնից հայտնեցին, որ հրազենային վիրավորում ստացած Վահագ Գևորգյանի առողջական վիճակը կայունացել է. նա վնասվածքներ էր ստացել որովայնի և կրծքավանդակի շրջանում:

 

Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 23։40-ին, «Էրեբունի» բժկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «որովայնի խոռոչի թափանցող հրազենային վնասվածք, ներքին արյունահոսություն» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել 1988թ. ծնված Վահագ Գևորգյանը, ով հայտարարել է, որ հրազենային վնասվածք է ստացել «Մետաքսի» մոտ:

 

Հոկտեմբերի 26-ի գիշերը 3 ահազանգ է ստացվել թիվ 1 համալսարանական հիվանդանոցից, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 1988թ. ծնված Վլադիմիր Գևորգյանը, Արման Ավագյանը, 1984թ. ծնված Արման Սրապիոնյանը։

 

Վ. Գևորգյանի մոտ ախտորոշվել է «հրազենային կրակոց՝ փափուկ հյուսվածքների վնասումով աջ ազդրի շրջանում», Ա. Ավագյանի մոտ՝ «հրազենային կրակոց՝ աջ ազդրի նստաներվի վնասումով», Ա. Սրապիոնյանի մոտ՝ «ձախ ոտնաթաթի հրազենային վնասվածք»։ Ըստ հայտարարությունների՝ նշված անձինք վնասվածքներն ստացել են «Մետաքսի» մոտ:

 

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի 5 հատ պարկուճ, 7.62 մմ տրամաչափի 1 փամփուշտ, 3 պարկուճ, գնդակների բազմաթիվ մասնիկներ, արյան հետքեր, վերցվել են փորձանմուշներ։

 

Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։