armnoc.am Կյանքից հեռացել է հեծանվասպորտի հայտնի մարզիչ և մանկավարժ, ՀՀ վաստակավոր մարզիչ Ալբերտ Սուրենի Սոլոյանը: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:

Ալբերտ Սոլոյանը ծնվել է 1949 թվականին Սյունիքի մարզի Կապան քաղաքում: 1967 թվականին ավարտել է Գյումրու թիվ 28 միջնակարգ դպրոցը: Նույն տարի ընդունվել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ, որն ավարտել է 1971 թվականին: Խորհրդային բանակում ծառայելուց հետո աշխատանքի է անցել «Աշխատանքային ռեզերվներ» կամավոր մարզական ընկերությունում: 1975 թվականին նշանակվել է հանրապետության ազգային հավաքականի ավագ մարզիչ՝ աշխատելով մինչև 1997 թվականը: Նույն թվականին հրավիրվել է Իրանի Իսլամական Հանրապետություն' որպես երկրի հավաքականի գլխավո ր մարզիչ: 2000-2002 թվականներին գլխավորել է Մալայզիայի հավաքական թիմը, իսկ 2003-2005 թվականներին հրավիրվել է Հոնկոնգ և գլխավորել երկրի հավաքական թիմը: 2005-2006 թվականների ընթացքում գլխավորել է Չինաստանի հավաքականը: 2007 թվականից աշխատել է ՀՀ-ում՝ գլխավորելով հեծանվասպորտի ազգային հավաքականը: 2008 թվականին մայիսին նշանակվել է հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն: 2014-2015 եղել է Վրաստանի հեծանվային սպորտի հավաքական թիմի ավագ մարզիչ:

Ամուսնացած էր, ուներ երկու զավակ: