Ծանր հիվանդությունից հետո, երեկ ուշ երեկոյան իր մահկանացուն կնքեց ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, վաստակավոր մարզիչ Վարդան Իշխանի Միլիտոսյանը:
Վարդան Միլիտոսյանը ծնվել է 1950 թ. հուլիսի 8-ին, Գյումրիում: Ծառայել է Խորհրդային բանակում, ավարտել է Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը:
Վարդան Միլիտոսյանը զինծառայության ժամանակ, 1964-ից, մարզվել է ԽՍՀՄ անվանի ծանրորդ և մարզիչ Հակոբ Ֆարաջյանի գլխավորությամբ: Վարպետության դասերը լավ էր ընկալում շնորհալի մարզիկը: Նա շռնդալից հաղթանակներ է տոնել միջազգային ամենահեղինակավոր մրցաշարերում: ԽՍՀՄ հավաքականում, 75 կգ քաշային կարգի առաջատարը, դարձել է Եվրոպայի կրկնակի չեմպիոն, օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր /1976 թ./, աշխարհի հնգակի ռեկորդակիր, տասնյակ հաղթանակներ է տարել համամիութենական առաջնություններում և միջազգային պաշտոնական մրցաշարերում: Փաստորեն, որոշակի տեղատվությունից հետո, նրա շնորհիվ Հայաստանում վերսկսվեց ծանրամարտի վերելքը:
Գործուն սպորտին հրաժեշտ տալուց հետո /1980 թ./ մեծանուն վարպետը համալրեց հարազատ քաղաքի ծանրամարտի մասնագիտացված մարզադպրոցի մարզիչների շարքը ու դարձավ հմուտ ուսուցիչ: Նա շատերին վարպետության դասեր տվեց: Իր հետքերով տարավ նաև եղբորորդուն' Իսրայել Միլիտոսյանին' նրան դարձնելով աշխարհի, Եվրոպայի բազմակի չեմպիոն, օլիմպիական խաղերի արծաթե /1988 թ./ և ոսկե / 1992 թ./ դափնեկիր:
Երբեք չէր խոսում, չէր հիշատակում իր մեծ նվաճումների ու կատարած մարզական սխրանքների մասին , քանզի նա բարձր էր ու ցանկանում էր մշտապես բարձրացնել գործընկերներին: Ահա թե ինչու մարզադպրոցի աշխատակազմը չափազանց բարի, ազնիվ, աշխատասեր ու մարդամոտ Վարդան Միլիտոսյանին 1996 թ. ընտրեց տնօրեն:
Վերջին տասնամյակում, սոցիալ տնտեսական պայմաններից ելնելով, նա ստիպված եղավ այլ աշխատանքի անցնել: Բայց մեծանուն ծանրորդն անդավաճան մնաց իր մարզաձևին ու հոգով-սրտով նրա հետ էր մինչև կյանքի վերջը:
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն ծանր կորուստի առթիվ վշտակցում է հանգուցյալի ընտանիքի անդամներին, հարազատներին, նրա վարպետությամբ հիացած մարզասերների մեծ բանակին, ընկերներին: