Ռումինիայում Ադրբեջանի նախկին, ներկայումս Սլովենիայում Ադրբեջանի դեսպան Էլդար Հասանովը (քրեական աշխարհում' Էդգար) սերտ կոռուպցիոն կապերի մեջ է ռումինական մաֆիայի կնքահայր Նիկ Գեարայի, ինչպես նաև թուրքական ծագումով քրեական գործիչ Սաբիթա Դանըշի հետ:

 

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, իր գլխավորած haqqin.az- ում հայտնում է կայքի գլխավոր խմբագիր Էյնուլլա Ֆաթուլլաևը' «Դեսպան Էլդարը և մաֆիոզ Նիկ Գեարան միևնույն ցանցում են» սենսացիոն հոդվածում:

 

 

Ֆաթուլլաևը նման եզրակացության հանգել է ռումինացի լրագրողների, մասնավորապես, Քրիստինա Հերեայի հետ համատեղ անցկացված երկարատև հետազոտությունից հետո:

 

 

2012 թվականին Ռումինիայում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից անմիջապես հետո, որի արդյունքում հրաժարական էր տվել Էմիլ Բոկոյի կառավարությունը, այդ ժամանակ Ռումինիայում Ադրբեջանի դեսպան Էլդար Հասանովը շտապ վերադառնում է Բաքու, որտեղ իրեն ոչ ոք չէր սպասում, և հայտարարում, որ չի վերադառնա Բուխարեստ, քանի որ չի ցանկանում աշխատել Ռումինիայի նոր կառավարության հետ:

 

 

Այդ իրադարձությունը խիստ անբնական, ավելի ճիշտ տարօրինակ և ոչ բնութագրական էր ադրբեջանական քաղաքական էլիտայի համար: Ներկայիս իշխանության ժամանակ ինքնակամ ոչ ոք հրաժարական չի տալիս, քանի որ ալիևյան քաղաքական մշակույթի համաձայն պաշտոնից հրաժարումը հավասարազոր է քաղաքական դավաճանությանը:

 

 

Որոշ ժամանակ անց Էլդար Հասանովը նշանակվում է Սերբիայում Ադրբեջանի դեսպան:

 

 

Ռումինական մաֆիայի կնքահոր' Գեարայի հետ ադրբեջանցի դեսպանին կապում են ոչ միայն համատեղ կոռուպցիոն գործողությունները, այլ նաև դեռևս Ադրբեջանի գլխավոր դատախազի պաշտոնում եղած ժամանակ գումարախաղային բիզնեսի նկատմամբ վերջինիս բուռն հակումը: Էլդար Հասանովը հանդիսացել է Բուխարեստում Նիկ Գեարայի խաղատների հատուկ հյուրը, որտեղ նրան որպես իրենց մարդ կոչում էին Էդգար: Էլդար Հասանովն անմիջական շահեր ուներ քրեական բիզնեսի այդ հատվածում: Նա հենց Նիկ Գեարայից է գնել Ռումինիայում Ադրբեջանի դեսպանատան շենքը, և այդ գործարքը նրան պատկառելի եկամուտ է բերել:

 

 

Ռումինացի մաֆիոզի հետ ադրբեջանցի դեսպանի շահերի սերտ միահյուսումը հասել է այնպիսի մասշտաբների, որ Էլդար Հասանովը Նիկ Գեարայի մաֆիոզ ցանցը մատակարարել է Ադրբեջանի դեսպանատան դիվանագիտական համարանիշերով:

 

 

Հենց Նիկ Գեարայի միջոցով է Էլդար Հասանովը դուրս եկել Ռումինիայում Serghei Limited Inc ընկերությունը հիմնած Սապունարեսկու և Սկոբելտինա ցանցի վրա, որը հիմնականում զբաղվում էր նավթով և նավթամթերքներով: Այդ ցանցը զբաղվում էր նաև թրաֆիքինգով և դրանով հայտնվել ռումինական հատուկ ծառայությունների և լրագրող-հետազոտողների տեսադաշտում:

 

 

Ռումինիայում Ադրբեջանի դեսպանատունը հայտնի է նաև Վիեննայում ադրբեջանական թղթադրամների տպագրելու գծով խոշոր կոռուպցիոն սկանդալով և Ավստրիայում ընթացող աղմկալից դատական գործընթացով: Այդ կոռուպցիոն գործով ֆինանսական հոսքերը մոմլաթե փաթեթներով Բուխարեստից Վիեննա էին գնում հենց Ադրբեջանի դեսպանատնից..., հոդվածում նշում է Էյֆուլլա Ֆաթուլլաևը: