Ադրբեջանում Եվրամիության դեսպան Պյոտր Միխալկոն այսօր՝ փետրվարի 12-ին, կանչվել է արտաքին գործերի նախարարություն, հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։
«Հանդիպման ընթացքում հաստատվել են լուրջ մտահոգություններ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության (EUMA) գործունեության վերաբերյալ, ինչը «հակասում է այս առաքելության և դրա գործունեության վերաբերյալ նախնական պայմանավորվածություններին», - ասվում է հաղորդագրության մեջ։
«Նշվել է, թե հակառակ տարածաշրջանում կայունության հաստատման և Ադրբեջանի ու Հայաստանի միջև վստահության հաստատման հայտարարված նպատակներին՝ առաքելությունը լայնորեն օգտագործվում է՝ որպես հակաադրբեջանական քարոզչության գործիք։ ԵՄ-ի ուշադրությանն է ներկայացվել, որ առաքելությունը, ըստ էության, դարձել է «հեռադիտակային դիվանագիտության» գործակալ՝ հեշտացնելով տարբեր եվրոպացի պաշտոնյաների և ոչ պաշտոնական պատվիրակությունների այցելությունները սահմանամերձ շրջաններ»,- ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ։
Ասվում է նաև, թե «ԵՄԱ-ի պատասխանատվության տարածքն անօրինական հատելու փորձը կանխելու վերջին դեպքը լուրջ ստվեր է գցում առաքելության հայտարարված նպատակների վրա»։
Թե «ԵՄԱ-ի պատասխանատվության տարածքն ապօրինի հատելու փորձը կանխելու» ինչ դեպքի մասին է խոսքը, չի նշվում։