Պարագվայը 7-րդ պետությունն է, որի խորհրդարանը ցեղասպանության 100-րդ տարելիցի տարում ճանաչել է Հայոց ցեղասպանությունը' հակառակ թուրք-ադրբեջանական դիվանագիտական աշխույժ լոբբինգի և ժխտողականության:
Նման ձևակերպմամբ է սկսվում ՀՅԴ Հայ դատի Հարավային Ամերիկայի հանձնախմբի հայտարարությունը հոկտեմբերի 29-ին Պարագվայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստի առնչությամբ: Հանձնախմբից նշում են, որ վերջին տարիներին Թուրքիան և Ադրբեջանը Պարագվայում ջանքեր էին գործադրում ժխտողականության հասնելու համար, իսկ այս տարի այդ ջանքերը բազմապատկվել են:
«100-րդ տարելիցին Հայ Դատի հանձնախումբը գնահատում է քաջությունը, ճիգն ու հանձնառությունը բոլոր այն մարդկանց, ովքեր այս որոշմանը աջակցեցին և պատմական ճշմարտությունը գերադասեցին ժխտողականության ճնշումներից: Պարագվայը կամովին միացավ ճշմարտության, հիշողության և արդարության համար միջազգային պայքարին: Այս որոշումը կարևոր ներդրում է կատարում պատմական արդարության վերահաստատման, մարդկության դեմ ոճիրների ճանաչման, դատապարտման և ամեն ձևի ժխտողականութան դեմ պայքարի ազնիվ դատի համար»,- ասված է հայտարարության մեջ:
Հոկտեմբերի 29-ին Պարագվայի սենատում միաձայն ընդունվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը։ Պարագվայը Լատինական Ամերիկայի 7-րդ պետությունն է, որ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Հայոց ցեղասպանությունն այդ մայրցամաքում մինչ այդ ճանաչել են Ուրուգվայը, Արգենտինան, Չիլին, Բրազիլիան, Բոլիվիան և Վենեսուելան: