Ռուսական զորակազմը Սիրիայում այդ երկրում գործողության մեկնարկից ի վեր ավելացել է՝ հասնելով 4 հազարի: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ամերիկյան հատուկ ծառայություններում աղբյուրների, ինչպես նաև՝ անկախ փորձագետների գնահատականը։

 

Սիրիայում սեպտեմբերի 30-ից սկսված ռազմական գործողության սկզբում ռուս զինվորականների թիվն այդ երկրում եղել է մոտ 2 հազար: Դրանից հետո ռուսական զորակազմն ավելացել է մոտ երկու անգամ, ինչպես նաև ավելացել է բազաների քանակը, որոնք օգտագործվում են Ռուսաստանի կողմից, գործակալությանը պատմել են ամերիկյան հատուկ ծառայություններում աղբյուրները:

 

Բացի այդ, զրուցակիցներն ամերիկյան հետախուզության տվյալներին հղումով պնդում են, որ Ռուսաստանը ռազմական կորուստներ է կրել Սիրիայում։ Սակայն աղբյուրները կոնկրետ թվեր չեն նշում: Մինչ այժմ հայտնի է Սիրիայում ռուս զինծառայողի միայն մեկ մահվան մասին։ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ պայմանագրային զինծառայողն ինքնասպանություն է գործել:

 

Պենտագոնում Reuters-ի աղբյուրները հավելել են, որ ռուսական ինքնաթիռներն այժմ աշխատում են չորս բազաներից: