Բաքուն ամեն անգամ սրում է իրավիճակը Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցերի ժամանակ: Այդ մասին ասել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին։

 

 

«Այդ միջադեպը տեղի ունեցավ հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ եռանախագահների կողմից Ադրբեջանին ուղղված հասցեական կոչերից օրեր անց: Բաքուն ամեն անգամ սրում է իրավիճակը Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցերի ժամանակ:

 

 

Ադրբեջանական սադրանքներն ուղղված են խոչընդոտելու բանակցային գործընթացը, կասկածի տակ դնելու միջնորդական ջանքերի նպատակահարմարությունը: Հատկանշական է, որ տարածաշրջանային այցի արդյունքներով իրենց կատարած հայտարարության մեջ Մինսկի խմբի համանախագահները այդ միջադեպը նույնպես կարգավորմանն ուղղված ջանքերը խաթարելու փորձ են որակել: Պատահական չէ նաեւ, որ սադրանքի հաջորդ օրն իսկ Ադրբեջանի նախագահը հանդես է եկել նոր սպառնալիքներով եւ միջնորդներին ուղղված քննադատությամբ»,- նշել է Նալբանդյանը:

 

 

Նախարարը հիշեցրել է, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը եւ նույն հանձնաժողովի անդամ Էլիոթ Էնգելը բաց նամակ են հղել Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիկին, որին միացել են 83 կոնգրեսականներ: «Նամակում նրանք իրավացիորեն ընդգծում են, որ արհեստական հավասարություն դնելը, երբ հրադադարի յուրաքանչյուր նոր խախտումից հետո հակամարտության բոլոր կողմերին ուղղվում են ուժի կիրառումից զերծ մնալու մասին ընդհանրական հայտարարություններ, չի կարող հանգեցնել լարվածության նվազեցմանը, այլ հակառակը' մինչ այսօր վտանգավոր կերպով նպաստել է իրավիճակի սրմանը:

 

 

Լիահույս ենք, որ ամերիկացի համանախագահը ոչ միայն կհետեւի ԱՄՆ կոնգրեսականների արդարացի հորդորներին, այլեւ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ միասին գործնական քայլեր կձեռնարկեն կյանքի կոչելու հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ հենց իրենց' եռանախագահների նախաձեռնությունը, ինչն անիմաստ կդարձնի անհասցե կոչերը:

 

 

Բաքուն մշտապես մերժում է հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմ ստեղծելու եռանախագահների առաջարկը, ուստի դրանց հետեւանքների ամբողջ պատասխանատվությունն ակնհայտորեն ընկնում է Ադրբեջանի վրա»,- ամփոփել Նալբանդյանը։