Հակամարտությունների խաղաղ կարգավորումը կարևոր նշանակություն ունի բարիդրացիական հարաբերությունների հաստատման և կայուն զարգացում ապահովելու համար: Եվրանեսթ ԽՎ քաղաքական, մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ հավելելով, որ միևնույն ժամանակ պետք է հաշվի առնել, որ յուրաքանչյուր հակամար տություն ունի իր առանձնահատկությունները և հնարավոր չէ մեկ ընդհանրական բանաձև կիրառել դրանց կարգավորման նպատակով: «Հակամարտությունների հանգուցալուծմանն ուղղված ջանքերը պետք է ընթանան համաձայնեցված հատուկ ձևաչափերի շրջանակներում և պետք է զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող են վնասել բանակցային գործընթացը: Լեռնային Ղարաբաղի հակամարտության միջազգային մանդատ ունեցող ձևաչափը Մինսկի խմբի համանախագահությունն է, և կարևոր է սատարել եռանախագահների կողմից իրականացվող ջանքերին՝ ուղղված հիմնահարցի խաղաղ կարգավորմանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Նալբանդյանը:

 

Նախարարը շեշտեց, որ Մինսկի խմբի համանախագահների օգտագործած ձևակերպումներին հակասող հայտարարությունները կարող են որպես կողմնապահություն դիտարկվել և վնասել խաղաղությանը: «Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության ներկա փուլին՝ պետք է նշել, որ Բաքուն շարունակում է հակադրվել Մինսկի խմբի համանախագահներին և անում է առավելագույնը խաղաղ բանակցությունները ձախողելու համար: Նա մերժում է Մինսկի խմբի համանախագահների առաջարկները ոչ միայն հիմնահարցի խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքների, այլ վստահության ամրապնդման միջոցների վե րաբերյալ»,- մանրամասնեց Նալբանդյանը:

 

Այդ առաջարկներն արդյունք են նախորդ 6 տարիների անխոնջ ջանքերի՝ շուրջ 20 գագաթնաժողով, նախարարական մակարդակի մի քանի տասնյակ հանդիպում, համանախագահների անթիվ այցեր տարածաշրջան: «Վերջին մեկ տարում Բաքուն լրջորեն սրել է իրավիճակը՝ զգալիորեն մեծացնելով հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը և թիրախավորելով քաղաքացիական օբյեկտներ՝ ծանր զինատեսակի օգտագործմամբ: Բաքվի այս քաղաքականությունը պատճառ է դարձել աննախադեպ մեծ թվով կորուստների հակամարտության բոլոր կողմերի համար»,- ընդգծեց Նալբանդյանը:

 

ԱԳ նախարարը նշեց, որ Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման հետևանք հանդիսացող շարունակական լարվածության պայմաններում համանախագահները Բաքվին իրենց խիստ մտահոգությունն են հայտնել շփման գծի և Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով ներխուժումների առնչությամբ: «Նրանք ուղղակիորեն կոչ արեցին Ադրբեջանին հավատարիմ մնալ հակամարտության խաղաղ կարգավորման իր պարտավորություններին: Համանախագահները հարկադրված էին Բաքվին հիշեցնել իրենց մանդատի մասին և մտահոգություն հայտնել ընթացող բանակցային գործընթացի, Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀ Կ դիտորդների պարտականությունների նկատմամբ Բաքվից հնչող քննադատության վերաբերյալ»,- ընդգծեց նախարարը՝ կարևորելով այն հանգամանքը, որ համանախագահները հստակ մատնանշել են բռնության պատասխանատու ապակառուցողական կողմին:

 

Միևնույն ժամանակ Նալբանդյանը նկատեց, որ Ադրբեջանին որևէ բան չի զսպում՝ քանի որ ադրբեջանական սադրանքները մշտապես արտահայտվում են ռազմատենչ հռետորաբանությամբ և հակահայակական ատելության քարոզով: «Ադրբեջանը, որը վերջին 10 տարում 30 անգամ ավելացրել է իր ռազմական բյուջեն, շարունակաբար սպառնում է հակամարտությունը լուծել ռազմական ճանապարհով: Ադրբեջանում այն քաղաքացիական ակտիվիստները, լրագրողները և մտավորականները, ովքեր խաղաղության և հաշտեցման ջատագովներ են, հետապնդվում են որպես հայկական լրտեսներ և հայտնվում ճաղերի հետևում»,- ընդգծեց Էդվարդ Նալբանդյանը:

 

Եզրափակելով ելույթը՝ ՀՀ ԱԳ նախարարը շեշտեց, որ Հայաստանը մշտապես կողմ է եղել և մնում է համանախագահ երկրների առաջարկների վրա հիմնված բանակցությունների շարունակմանը՝ ուղղված հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը: