Աշխատանքային այցով Մյունխենում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյան‬ը փետրվարի 13-ին հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ջեյմս Ուորլիքի, Պիեռ Անդրյոյի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ:

 

 

 

Հանդիպմանը շարունակվել են քննարկումները ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Անդրադառնալով բանակցային գործընթացին' Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է. «Արհամարհելով միջազգային հանրության հասցեական կոչերը՝ Ադրբեջանը շարունակում է կոպտորեն խախտել հրադադարի հաստատման և ամրապնդման եռակողմ համաձայնագրերը, հրաժարվել միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծումից, փորձեր ձեռնարկ ել տեղափոխելու հիմնահարցի կարգավորման քննարկումներն այլ ձևաչափեր, Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի քննադատությունը։ Այս ամենը վկայում է, որ Բաքուն անում է ամեն ինչ՝ խաթարելու կարգավորման գործընթացը։ Ավելին՝ ադրբեջանական կողմի այդ գործողությունները, ինչպես նաև համանախագահների հետ հանդիպումից հրապարակային հրաժարումը նպաստում են ստատուս քվոյի պահպանմանը, ինչին մշտապես դեմ են հանդես գալիս համանախագահ երկրները և Հայաստանը»։

 

 

Էդվարդ Նալբանդյանը վերահաստատել է, որ Հայաստանը շարունակելու է եռանախագահ երկրների հետ համատեղ ջանքերն՝ ուղղված ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը։