Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը կարծում է, որ պետք է ամեն ինչ անել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը աջակցելու համար, քանի որ այդ ձեւաչափին այլընտրանք չկա: Նրա խոսքով՝ սա միակ տրամաբանական գործընթացն է, որն ընդունելի է Հայաստանի համար:
«Սա միակ հարթակն է, որ որտեղ Ռուսաստանը եւ Ամերիկան կարողանում են համատեղ աշխատել եւ բավականին արդյունավետ, միակ հարթակն է, որտեղ հակասություններ չկան: Ես առիթ եմ ունեցել զրուցելու ամերիկացի նախկին մի քանի համանախագահների հետ, ովքեր բաց ասում են, որ փայլուն հարաբերություններ ունեն իրենց ռուս գործընկերների հետ՝ չնայած ռուս-ամերիկյան միջպետական հարաբերությունների լարվածությանը: Պետք է հստակ գիտակցենք, որ այս ձեւաչափին այլընտրանք չկա, եւ ցանկացած այլընտրանք չի բխում Հայաստանի շահերից: Պատկերացրեք, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը չկա, դրա փոխարեն ոչ մի այլ բան չի լինի հավաքել, քանի որ Ադրբեջանը դեմ է ցանկացած տեսակի բանակցային գործընթացի: Պատկերացրեք՝ Ադրբեջանը խնդիրը փորձի տեղափոխել ՄԱԿ. այնտեղ մեզ կատարյալ ֆիասկո է սպասվում, քանի որ գիտեք՝ Իսլամական կոնֆերանսի անդամ պետությունները աջակցում են Ադրբեջանին բոլոր միջազգային կառույցներում. բացառություն չէ նաեւ ՄԱԿ-ը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Սուրեն Սարգսյանը եւ հիշեցրեց, որ համանախագահները որոշում կայացնողները չեն. նրանք ընդամենը այն պետությունների պաշտոնական ներկայացուցիչներն են, որոնք փորձում են օգնել կողմերին ընդհանուր եզրեր գտնելու հարցում, իսկ վերջնական որոշումը եւ դրա իրականացումը բացառապես երկու կողմերինն է: